Վարչական դատարանի գոյության ողջ ժամանակահատվածում պաշտպանության նախարարության դեմ այս քանակի հայցապահանջ չի եղել: Այն էլ տարին դեռ չավարտված: Հավանաբար, դրանք էլի կաճեն, եւ տարեվերջին կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք մեր դիտարկումները ճիշտ էին:
Բազմաքանակ վարույթներ եղել են, թերեւս, միայն Ճանապարհային ոստիկանության կողմից կամ ՃՈ-ի դեմ գործերով, որոնք հիմնականում փոփոխվող օրենսդրական բացերով էին պայմանավորված: Նշեմ, որ պաշտպանության նախարարությանը դատի տալուց զատ առանձին գործեր էլ կան, որոնք ուղղված են ՊՆ բուժհանձնաժողովների դեմ, զինվորական հիմնադրամների, ուսումնական հաստատությունների, որոնք այս հաշվարկից դուրս են:
Անցյալ տարվա հոկտեմբերի 18-ի թիվ 2590-Ա հրամանը տրամադրելուն եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 05.08.2021թ. թիվ 2570-Ա հրամանները վերացնելուն եւ Վանիկ Բաղդասարյանին նախկին կամ հավասարազոր պաշտոնի նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը ամենաանմեղն է, նույնանման «անմեղ» գործերից են Կարո Հովհաննիսյանինը, ով պահանջում է այս տարվա օգոստոսի 17-ի ՊՆ թիվ 1695-Ա հրամանն անվավեր ճանաչելու եւ իրեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ռազմական ոստիկանության պետի պաշտոնին վերականգնել: Սերոբ Պողոսյանը պահանջում է ՊՆ-ից՝ իրեն ՀՀ զինված ուժերից արձակելու վերաբերյալ հրամանը տրամադրել…
Վերջերս՝ սեպտեմբերի 8-ին Հայկ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ՝ Սամսոն Գալստյան) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է` հայցվորի աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերը վերջինիս ամենամյա արձակուրդներին ավելացնելուն կամ հայցվորի աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի համար վճարման ենթակա գումարները վճարելուն պարտավորեցնելու» պահանջի մասին։
Վարչական դատարանում առկա գործերից մեկով Ս. Գալստյանը սեպտեմբերի 1-ին հայցադիմումով խնդրել էր դատարանին պարտավորեցնել ՊՆ-ին ձեռնպահ մնալ իրեն՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր» պետական հիմնարկի պետի պաշտոնից ազատելուն ուղղված գործողությունների կատարումից եւ ձեռնպահ մնալ այլ անձի հայցվորի պաշտոնին նշանակելու գործողությունների կատարումից: Իսկ մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչական դատարան մուտքագրված գրությամբ հայցվորը խնդրել էր վերադարձնել ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը: Նկատեմ, որ «աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի համար վճարման ենթակա գումարները վճարելուն պարտավորեցնելու» հայցապահանջները քիչ տեղ չէին զբաղեցնում, եւ ստացվում է, որ ՊՆ-ում առերեւույթ աշխատանքային թրաֆիքինգի երեւույթներ են նկատվել (Մ.Բաբաքյոխյան…): Բայց էլի եմ շեշտում, սրանք ամենաանմեղ վարույթներն են…
Կարդացեք նաև
Սոնա Թադեւոսյանն այս տարվա օգոստոսի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի»՝ Գրիգոր Սմբատյանին շահառու ճանաչելու մասին ՀՀ պաշտպանության նախարարության որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը վնասի հատուցման գումարի մնացած մասը եւս հայցվորին վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին: «Առավոտի» տեղեկություններով՝ դատական նիստ դեռ չի հրավիրվել:
Յուրի Բաղդասարյանը օգոստոսի 30-ի հայցադիմումով խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 25.08.2021թ.-ից մինչեւ 25.11.2021թ. անցկացվող վարժական հավաքին մասնակցելու ծանուցագրով ներկայացված գործողությունը եւ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ 25.08.2021թ.-ից մինչեւ 25.11.2021թ. անցկացվող վարժական հավաքին մասնակցելուն ուղղված գործողություն կատարելուց:
Դատարանին հետաքրքրել է, թե արդյոք հայցվորն այդ պահի դրությամբ արդեն իսկ ներկայացե՞լ է ուսումնավարժական հավաքին, թե՞ դեռ ոչ՝ հաշվի առնելով, որ դրա հնարավորությունն առկա է մինչեւ նոյեմբերի 25-ը: Դատարանն արձանագրել է. «Հայցվորի կողմից ճանաչման հայց ներկայացվելու դեպքում չի կարող ներկայացվել նաեւ հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ, քանի որ ճանաչման հայցով հայցվորը կարող է հետապնդել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված նպատակներից որեւէ մեկը: Հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջից հստակ չի երեւում, թե արդյոք 25.08.2021թ.-ից մինչեւ 25.11.2021թ. անցկացվող վարժական հավաքին մասնակցելուն ուղղված գործողություն կատարելուց ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջը ներկայացված է հիմնական պահանջ, թե ածանցյալ»:
Արտակ Մխիթարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արայիկ Զալյանը հայցադիմումում նշել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակներում հայցվորի տվյալները չի ընդգրկվել եւ հայցը նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը չփոխանցելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին է: Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է ճանաչման հայց: Դատարանը վերադարձնելով այն՝ արձանագրել է, որ մինչ իրեն դիմելն անհրաժեշտ է ներկայացնել վարչական մարմին (տվյալ խնդրանքով) դիմելու փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց:
Սեպտեմբերի 14-ին վարչական դատարանի վարույթ է ընդունվել Գեւորգ Աղաջանյանի հայցադիմումը: Վերջինս խնդրել էր պաշտպանության նախարար Ա. Կարապետյանին, ապա դատարանին՝ իրեն ազատել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչեւ սեպտեմբերի 26-ը կազմակերպվող հավաքին մասնակցելու պարտականությունից կամ տրամադրել տարկետում թե առողջական վիճակի եւ թե ընտանեկան պայմաններից ելնելով, պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ իրեն վարժական հավաքին զորակոչվելուն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Դատարանը հստակություն է պահանջել, առաջարկել է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ներկայացնել բոլոր ապացույցները: Ըստ դատարանի՝ «Ներկայացված հայցադիմումով դատարանն արձանագրում է, որ հայցվորի պահանջից պարզ չէ, թե դատարան է ներկայացվել հայցապահա՞նջ, թե՞ Հայաստանի միջնորդություն, քանի որ հայցի ենթադրյալ բավարարման դեպքում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտը դառնալու է առարկայազուրկ»:
«Արման Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործով» դատարանը ներգրավել է որպես երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Հայցվորի պահանջը մեկն է. «Իր՝ Ա. Խաչատրյանի տվյալները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված, բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած անձի, ՀՀ կառավարության 27.01.2021 թվականի թիվ 90-Լ որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել պարտավորեցնելու պահանջի մասին»:
Տեղի է ունեցել մեկ նախնական դատական նիստ, հոկտեմբերի 26-ին նշանակվել է դատաքննություն: Դատավորն է Մհեր Պետրոսյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2021