Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ ջան, մի՛ լացի, ամոթ ա, ապերը քեզ ա նայում». հերոսի փոքրիկ քույրիկ

Հոկտեմբեր 09,2021 12:30

Հերոսի քույրիկը թղթից ու պլաստիլինից խաչեր է պատրաստում՝ սպասելով զինվոր եղբոր վերադարձին

Խաչատուր Միքայելյանը 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից է: Խաչատուրը ծառայության է անցել Հադրութում ու հասցրել է ծառայել ինն ամիս ու ընկել է հերոսի մահով: Պատերազմի առաջին օրը Խաչատուրը զանգել է տուն, ասել, որ ամեն ինչ լավ է լինելու ու ինքը հաստատ հաղթած է գալու: Խաչատուրը ծառայել է Հադրութի «Դուշման» կոչվող դիրքում՝ որպես հրաձիգ:

Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Հրազդան քաղաքում: Խաչատուրը սովորել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան հիմնական դպրոցում: Ուսումը շարունակել է ՀՊՏՀ հենակետային վարժարանում, ապա ընդունվել եւ մեկ կիսամյակ սովորել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ֆակուլտետում:

Դասընկերները պատմում են, որ Խաչատուրը մեծ պատասխանատվություն ուներ, համարձակ էր, բայց կռիվներ չէր սիրում: Խաչատուրը վիրավորում է ստացել ուսի շրջանում 2020թ. սեպտեմբերի 29-ին, բայց չի լքել դիրքը:

Ծառայակից ընկերը՝ Արթուրը, ում կյանքը փրկել են երկու ընկերները՝ Հայկը եւ Մխիթարը, պատմում է. «Խաչը լավ տղա էր, իրար հետ բանակում լիքը հարցեր ենք լուծել. ինքն ինձ շատ ա օգնել, թիկունք ա եղել: Խաչը էդ օրը վիրավորվեց ուսից, մենք էլ շտապօգնության մեքենան կանչեցինք, որ տանեն հոսպիտալ: Խաչը մի խուրձ բամբակ վերցրեց, դրեց թեւին, ասաց` ես չեմ գնում, մնում եմ: Խաչին ասացինք` ախպե՛ր, գնա էլի, որ մնաս՝ քեզ մի բան կլինի: Խաչը ջղայնացավ, ասաց. «արա՛, թո՛ղ ձեզ բան լինի, ինձ բան չի լինի»: Էդ օրը կռվի չմասնակցեց, մտցրել էինք թաքստոց ու չէինք թողնում՝ դուրս գալ: Էդ ժամանակ արդեն ձեռքը չեր զգում, չէր կարում վերցներ կԽ-ն»,-ասում է Արթուրը:
Նա չի հիշում, թե ինչպես է հաջորդ օրը` հոկտեմբերի 1-ին, ծանր վիրավորում ստանալով, մարտի դաշտում անմահացել Խաչատուր Միքայելյանը: Մինչեւ զոհվելը, երբ վիրավոր է եղել, զանգել է տուն ու ասել. «Մա՛մ ջան, ստեղ ամեն ինչ լավ ա, հետո կզանգեմ»:

Մայրը պատմում է. «Ամեն զանգելուց ասում էր՝ շատ եմ կարոտել ձեզ, եկեք տեսնեմ, էլի: Բայց կարանտին էր, հարցրինք, ասացին՝ չեն թողնի տեսնեք, իզուր մի գնացեք: Պատերազմի առաջին օրն էր հասել պասիլկեն: Զանգեց ասաց` մա՛մ, կարաս իմ սիրած էկլեռներից ուղարկես: Ես էլ մի արկղ ուղարկեցի: Պատերազմից մի օր առաջ էր հասել, զանգեց, ասաց` մա՛մ ջան, ապրես շատ, քո շնորհիվ մեր սաղ վաշտը էկլեռ կերավ»:

Խաչատուրի փոքր քույրը սովորում է երկրորդ դասարանում ու ամեն օր մայրիկին ասում է. «Մամ ջան, մի՛ լացի, ամոթ ա, ապերը քեզ ա նայում»: Փոքրիկ քույրիկն ամեն օր թղթից ու պլաստիլինից խաչեր է պատրաստում՝ ամեն օր անհամբեր սպասելով զինվոր եղբոր վերադարձին:

Խաչատուր Միքայելյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

Էմմա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031