«Ղիշա» հրատարակչությունը հրատարակել է «Երդվյալները» գրքի 1-ին մասը: Այն նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում
հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսներին:
Գիրքը հուշապատում եւ հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչեւ պատերազմական կյանք եւ անմահություն հավերժացնող դրվագներով:
Կորստյան անդառնալի ցավի եւ անսահման կարոտի հետ գրքում նաեւ հերոսների առ հայրենին նվիրումի ու սիրո ապրեցնող գաղափարներն են:
Հրատարակչության տնօրեն Վովա Արզումանյանը նպատակ է ունեցել խոսել ոչ միայն հերոսների կյանքի դրվագների ու անմահանալու եւ նրանց կորստից հարազատների չսպիացող վերքերի մասին, այլեւ հայրենիքի փրկության եւ խիզախումի ճանապարհին փառքով ու պատվով անցած տղաների հերոսությամբ կենդանի դաս ներկայացնել գալիք սերնդին եւ դրանով դաստիարակել նրանց:
Կարդացեք նաև
Պատվով կռված ու անմահացած Նորագյուղից հարազատ եղբայրներ Արտակ եւ Արմեն Խաչատրյանների մասին նույնպես ներառված է գրքում։ Արտակի հարսնացուի` Ռուզաննա Մելքումյանի խոսքով՝ «Երդվյալներում» խոսվում է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հայրենիքի համար կյանք տված, իր համար շատ կարեւոր մարդկանց մասին, ովքեր մի վայրկյան անգամ հետ չնայեցին, գնացին միայն դեպի առաջ, դեպի առաջ, դեպի հերոսական անմահություն։ Նրանց կատարած սխրագործությունները այսուհետ անմահացել են նաեւ գրքի էջերում։
«Ես ծանոթացել եմ նաեւ մյուս հերոսների կյանքին, իմացել նրանց հերոսությունների մասին։ Չեմ թաքցնի՝ գիրքը ընթերցելու ժամանակ արցունքներս զսպելն ուղղակի հնարավոր չէր: Այսքան կիսատ կյանքեր, երազանքներ, նպատակներ։ Բայց այս մասին պիտի խոսվի, պարտավոր ենք խոսել եւ բարձրաձայնել՝ մեր տղաների անունը անմահացնելու եւ հայոց պատմության մի մասը դարձնելու համար,-ասում է Ռուզաննա Մելքումյանը, շարունակելով,-կարծում եմ՝ այսօր մեր իրականության մեջ ամեն ինչ անցողիկ է, մեզնից մնալու եւ մեր սերունդներին է հասնելու հենց գիրքը, եւ հենց գրքի միջոցով է մեր գալիք սերունդը ճանաչելու մեր Հերոսներին, նրանց քաջության եւ մեծ նվիրումի մասին։ Կարծում եմ՝ գիրքը կօգնի նաեւ ապագա սերնդին իրական հերոսների օրինակով դաստիարակել եւ հայրենասիրություն սերմանել նրանց մեջ»։
Հրատարակչի խոսքով` «Երդվյալները» գրքի հատորների հրատարակումը լինելու է շարունակական։
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2021