Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը՝ որպես ՀՀ անվտանգության կայունացնող գործոն, ընդհանուր շահեր՝ Վրաստանի հետ. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 09,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Իրան
Իրանը, ինչպես մյուս պետությունները, սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գրավյալ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Այլապես, սակայն, Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտության մեջ Իրանը համարվել է չեզոք պետություն:

Ոմանք նույնիսկ հույս են փայփայել, որ Իրանը կարող էր հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը կամ հանդես գալ հայ ժողովրդի շահերի լիակատար պաշտպանությամբ՝ հաճախ մոռանալով, որ Ադրբեջանի հետ հարաբերվելու համար Իրանն իր սեփական պատճառներն ունի:

Իրանը փորձել է նաեւ ակտիվ դեր խաղալ հակամարտության կարգավորման գործընթացում. մի քաղաքականություն, որը չի խրախուսվել կամ դրականորեն դիտվել ուրիշների կողմից: Մյուս կողմից՝ Իրանը, որպես տարածաշրջանային խոշոր դերակատար, իր հակամարտություններն է ունեցել միջազգային ասպարեզում: Դա բացատրում է հայկական կողմի մտածողության մեջ Իրանի հանդեպ երկակի վերաբերմունքը:

Թեեւ երբեմն ավելի սահմանափակ, քան մյուս հարեւանների դեպքում, այնուամենայնիվ, Հայաստանի ապագայի մեջ Իրանի դերի հարցում ոմանք շարունակում են այն հույսն ունենալ, որ Իրանը կարող է ռազմավարական գործընկեր լինել:

Այս խմբի կարծիքով, Հայաստանը պետք է.
Ա. Իրանին համարի իր ամենակարեւոր գործընկերն աշխարհում։
Բ. Իրանը դիտարկի որպես իր ռազմավարական խնդիրների լուծման մաս: Ըստ այս խմբի՝ Իրանը, օրինակ, կարող է հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը եւ աջակցել Հայաստանին Մեղրիի հարցում։
Գ. Իրանը դիտարկել որպես իր տնտեսական խնդիրների լուծման մաս. օրինակ, իբրեւ հայկական արտադրանքի շուկա։
Դ. Աշխատի, որ Իրանը հավասարակշռի Թուրքիայի տնտեսական լծակները եւ Հայաստանի համար ուղիներ ապահովի դեպի Հնդկաստան ու

Չինաստան։
Ե. Իրանին տեսնի որպես Հայաստանի անվտանգության միջավայրի համար հնարավոր կայունացնող գործոն։
Զ. Վերագնահատի Իրանի հետ իր հարաբերությունները եւ դրանք դնի ավելի իրատեսական հիմքերի վրա: Հայաստանն, օրինակ, կարող է խորացնել իր հարաբերությունները տնտեսության, հաղորդակցությունների, էներգետիկայի եւ նյութատեխնիկական ապահովման ոլորտներում:

Եվ, հետեւաբար, Հայաստանը պետք է վստահ լինի, որ.
Է. Իրանի հետ իր սահմանը չդառնա բաժանարար գիծ։
Ը. Թույլ չտա, որ ուրիշներն իրեն օգտագործեն Իրանի դեմ։
Թ. Արեւմուտքի եւ Իրանի միջեւ առճակատման դեպքում չեզոք մնա:

Մասնակիցներից մի քանիսը ցանկանում են.
Ժ. Աշխատել Իրանի հետ, քանի որ Իրանը կարող է ներքին խնդիրներ հարուցել Ադրբեջանում, որը ինչ-որ մակարդակում կօգնի Հայաստանին:
Մինչդեռ ոմանք նույնիսկ կարծում են, որ Հայաստանը կարող է.
Ի. Միջնորդի դեր խաղալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ:

Մասնակիցների մեկ այլ խումբ ավելի զգուշավոր է: Նրանք պնդում են, որ Հայաստանը պետք է.
Լ. Հասկանա, որ Իրանը չի կամեցել եւ այժմ էլ չի կամենում սատարել հայկական առավելապաշտությունը, ինչպես եւ Ռուսաստանը չի սատարել, բայց Իրանը կարող է օգնության հասնել Հայաստանին, եթե Հայաստանը վտանգի ենթարկվի:
Խ. Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունենա, բայց քաղաքական համագործակցության շատ տեղ չկա:
Ծ. Իրանին չհամարի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր փակ սահմանների պատասխան:
Կ. Հասկանա, որ Իրանն ավելի է մոտեցել Ադրբեջանին:
Հ. Չակնկալի, որ Իրանը հակակշիռ կդառնա Թուրքիայի ազդեցությանը, քանի որ Իրանն ունի մեծ թվով ազերի/թրքական ծագումով ազգաբնակչություն:
Ձ. Չապավինի Իրանին, քանի որ այն մեկուսացված պետություն է, եւ արեւմտյան ժողովրդավարական երկրները հեռու են մնում նրանից։

Վրաստան
Չնայած մյուս դրացի երկրների նման նույնքան մոտ եւ նույնքան կարեւոր հարեւան լինելուն, Վրաստանը շատ ավելի քիչ է հայտնվում Հայաստանի քաղաքական քննարկումներում, քան Ադրբեջանը, Իրանը կամ Թուրքիան:
Առաջին հայացքից՝ Վրաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականության առնչությամբ շատ հարցեր չպետք է լինեն: Այնուամենայնիվ, կասկածները պահպանվում են, եւ այդ երկրներից յուրաքանչյուրը շատ քիչ բան գիտի մյուսի մասին, եւ կարծես առանձնապես հետաքրքրված չէ մյուսով:

Ամփոփելով Վրաստանի վերաբերյալ առկա տեսակետները, ըստ մասնակիցների, Հայաստանը պետք է.
Ա. Վրաստանի հետ հարաբերությունները դիտի որպես Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների նախատիպ:
Բ. Վրաստանի հետ ունենա բնականոն, բարիդրացիական հարաբերություններ:
Գ. Բարելավի հարաբերությունները Վրաստանի հետ՝ մեծացնելով տնտեսական եւ մշակութային կապերը:
Դ. Ընդհանուր շահեր փնտրի Վրաստանի հետ:
Ե. Վրաստանի հանդեպ լինի ավելի աջակցող եւ պակաս կասկածամիտ:
Զ. Ապագայում նկատի ունենա Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր անվտանգության քննարկման ֆորում ստեղծելու հարցը:
Է. Համոզվի, որ Վրաստանի հետ հարաբերությունները պայմանավորված չեն Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններով կամ չեն ենթարկվում դրանց:
Ը. Վստահ լինի, որ ջավախահայերը հակամարտ հարաբերության մեջ չեն մտնում Վրաստանի կառավարության հետ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում:
Թ. Մտածի, թե արդյո՞ք Ադրբեջանն ավելի լավ ուղի է դեպի Ռուսաստան, քանի որ Վրաստանը ներկայումս միակ ցամաքային ուղին է:

Եվ, սակայն, կասկածները պահպանվում են, ու մի քանի մասնակիցների համար Վրաստանը կարող է բացասական դեր խաղալ, ուստի Հայաստանը պետք է.
Ժ. Հիշի, որ 2020 թ. պատերազմի ժամանակ Վրաստանի դիրքորոշումը բարյացակամ չէր:
Ի. Ջավախահայերին օգտագործի Վրաստանի դեմ, եթե նման կարիք լինի:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
08.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031