Այսօր Հայաստանի երրորդ քաղաքի տոնն է: Վանաձորի օրվա միջոցառումներն այս տարի տարբերվում էին նախորդներից: Դրանք առաջին հերթին հարգանքի տուրք էին 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին: Օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց հերոսների պանթեոն այցելելով. «Մեր վերջին մեկ-երկու տարվա իրավիճակը հաշվի առնելով, տարակարծություններ կար միջոցառումները նշելու, չնշելու, ի՞նչ ֆորմատով նշելու: Վերջապես որոշում կայացրեցինք, որ քաղաքի տոնը պետք է ինչ-որ կերպ նշանավորվի՝ անկախ մյուս բոլոր հանգամանքների: Շատ մեծ երեւույթներ չկան, որոնք կարող են այս կամ այն խմբերին թեկուզ փոքր-ինչ ցավ պատճառեն: Հետեւաբար որոշեցինք այս կերպ նշել: Քաղաքում բազմաթիվ շինարարական օբյեկտներ կան, որոնք կարիք ունեին նաեւ իրենց բացումը նշելու: Նաեւ մեր սիմֆոնիկ նվագախումբն է համերգ տալիս: Հրավիրել ենք նաեւ երգիչ Դավիթ Ամալյանին, որի որդին զոհվել է, որ նաեւ այդ մարդկանց սեգմենտը հասկանա, որ մեր նպատակը ճոխ ուրախություն կազմակերպել չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Պանթեոն այցից հետո, միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին Վանաձորի նորակառույց ու հիմնանորոգված կրթամշակութային հիմնարկների, այգիների ու պուրակների պաշտոնական բացման արարողությանը: Աշխատանքների մեծ մասը կյանքի են կոչվել համայնքապետարան-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ. «Բավականին տնտեսած գումար ունեցանք: Ավագանին հետագայում կորոշի այդ գումարն ինչ ուղղությամբ է ծախսվելու՝ զինվորների ֆոնդին կփոխանցվի, թե այլ ինչ-որ բարեգործական ծրագրերի համար կօգտագործվեն»,- ասաց համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Իսկ օրվա գլխավոր միջոցառումը Արցախ պուրակում էր կազմակերպված։ Այստեղ հանդիսավորությամբ բացվեց «Լաոյի զարթոնքը» արձանը։ Այն նվիրված է զարթոնք ապրող եւ ապագային ձգտող մարդուն: Նախաձեռնությունը «Արբանէ» համահայկական ծրագրեր հիմնադրամինն է, արձանի հեղինակը Տարոն Սիմոնյանն է, քանդակագործ-համահեղինակը Գեղամ Բեկջանյանը։
Տոնական օրը եզրափակվեց գլխավոր համերգով:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ