ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեկ և այսօր Ժննևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահի հետ:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ըստ համանախագահների տարածած հաղորդագրության` բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո», սակայն նա մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի տարածք չի այցելել:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո» համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի վերադարձը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության կետեր գտնելու համար:
Մինսկի խմբի երեք համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք, ինչպես նշվում է հայտարարությամբ, արտահայտում են միմյանց հետ հանդիպելու սկզբունքային պատրաստակամություն` համանախագահների հովանու ներքո:
Համանախագահները հույս ունեն վերոնշյալ հանդիպման կազմակերպման մանրամասները քննարկել կողմերի հետ` կրկին հայտարարելով մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը` քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը:
«Ազատություն» ռադիոկայան