Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանի դատական նիստը նորից հետաձգվեց

Հոկտեմբեր 08,2021 22:44

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Գնել Գասպարյանի  նախագահությամբ շարունակվեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատավարությունը։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել  քրեական օրենսգրքի 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը): Նրա հետ մեղադրյալի աթոռին է նաեւ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։

Առուշ Առուշանյանը դեմ հարուցված է եւս մեկ այլ քրեական գործ։ Նա մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 188–ի 3–րդ մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291-ի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322–ի 2–րդ մաս (ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Բացի  Գորիսի համայնքի ղեկավարից, այս գործով եւս 3 ամբաստանյալ կա՝ Հարութ Լալազարյան, Էրիկ Աղաջանյան, Սամվել Դինունց։

Այս գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում էր, բայց Առուշանյանի պաշտպանական կողմը դիմել էր դատարանին՝ միջնորդելով քրեական գործերի միացնել եւ քննել մեկ վարույթում։ Նապոլեոն Օհանյանը որոշում էր կայացրել եւ գործը ուղարկել դատավոր Գնել Գասպարյանի վարույթ։

Հոկտեմբերի 8-ի նիստում պաշտպաններն դատարանին միջնորդել են Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը հետաձգվել ու նշանակվել է նոյեմբերի 5-ին։

Առուշ Առուշանյանը, ի դեպ, Գնել Գասպարյանի նախագահությամբ տեղի ունեցած նախորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 10-ին,  չէր ներկայացել, դիմումում նշելով, որ վատառողջ է, եւ «ճանապարհները ծանր է տանում»։ Այսօրվա նիստին նա ներկա էր։

Առուշ Առուշանյանը նաեւ մասնակցում  է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին։ Նա գլխավորում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակը։

Լուսանկարը «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031