Թեքեյան մշակութային միությունում կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ միությունը գնահատում և խրախուսում է մշակույթի, գիտության և այլ բնագավառների լավագույններին:
Այս տարի մրցանակներ հանձնվեցին 6 անվանակարգերում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն և Կերպարվեստ:
«Մրցանակաբաշխությունն իր մեջ ունի մշակութային գործչին, ստեղծագործողին, մտավորական գնահատելու, խրախուսելու գաղափարը:
Մրցանակաբաշխությանը մասնակցում են գրողների միությունից, նկարիչների միությունից, Ժուռնալիստիկայի ոլորտից և այլն:
Կարդացեք նաև
Չկան կոնկրետ թեմաներ, տարիքային սահմանափակումներ,մասնակցում են գրեթե բոլոր երկրներից և բոլոր լեզուներով խոսող մարդիկ, իսկ մրցանակակիրներն ընտրվում են ժյուրիների կողմից, որոնք դիտարկելով բոլոր գործերը՝ վերջում ընտրում են լավագույնին:
Ի դեպ, այս տարի այն եզակի տարիներից է, երբ մեկ անվանակարգում ընտրվում են մեկից ավելի մասնակիցներ»,- ընդգծեց Թեքեյան մշակութային միության ղեկավար Գայանե Մուրադյանը:
«Գրականություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» և «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար, «Հայագիտություն» անվանակարգում ՝ Արման Եղիազարյանին՝ «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար: «Թատերական արվեստ» անվանակարգում՝ մրցանակակիրը անվանի ռեժիսոր Արմեն Էլբակյանն է՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար «Լրագրություն» անվանակարգում հաղթեցին Դիանա Մարկոսյանը՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար և Հակոբ Ասատրյանը՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար /Օրեր ամսագիր/:
«Կերպարվեստ» անվանակարգում մրցանակ շնորհվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար, «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում՝ Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ», իսկ Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր Պատերազմ» շարքերի համար:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում 1991թ.-ից: Այդ տարիներից ի վեր մրցանակի են արժանացել Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Թամրազյանը, Ջիվան Գասպարյանը, Տիգրան Մանսուրյանը,Երվանդ Մանարյանը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության և արվեստի այլ գործիչներ:
Մրցանակաբաշխությանը հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ:
Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ