Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով դատական երկրորդ նիստի ընթացքում, որով անցնում են «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանը և քաղաքացի Անահիտ Գրիգորյանը, պաշտպանական կողմը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն: Aravot.am-ի հետ զրույցում Գևորգ Նավոյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը տեղեկացրեց՝ նա մասնակցել է դատական նիստին ու մանրամասնեց. «Գևորգ Նավոյանը դատապարտյալների հիվանդանոցում հետվիրահատական բուժում է անցնում»:
Արտակ Նավասարդյանը տեղեկացրեց՝ իրենց ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմքն այն է, որ օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ ու հավելեց. «Դատական գործերի մակագրումը հիմա ձեռագիր միջոցով է կատարվում, դատարանի նախագահը ձեռագիր մակագրում է դատական գործը, բայց ըստ օրենքի՝ դա պետք է լինի դատավորների այբբենական հերթականությամբ: Մենք այս գործին նախորդող և հաջորդող գործը Դատալեքսից նայել, տեսել էինք, որ նախորդող գործը մակագրվել է Դանիբեկյանին, հաջորդողը՝ Հովհաննիսյանին: Այս դեպքում մեր դատավորի ազգանվան Մ տառը Հ-ից հետո է: Ու մենք դիմել էինք Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրել պարզաբանել այդ խախտումը, իրենք մեզ տվել են գրություն, որտեղ նշել են, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով այբբենական կարգը խախտվել է: Այսինքն՝ այս գործը դատավոր Մարտիրոսյանին մակագրվել է այբբենական կարգի խախտման, հետևաբար ինքը օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի»:
Պաշտպանը հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որպեսզի այդ մակագրման կարգի հետ կապված դատական գործ հարուցվի, ուստի դատարանը նշեց, որ ինքը միջնորդության լուծումը հետաձգում է, որպեսզի դիմի դատախազություն իմանալու համար՝ արդյոք այդ հաղորդման մասով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ: Ինքն էլ կորոշի տեղեկատվություն ստանալ՝ մակագրման կարգը պահպանված լինել- չլինելու հետ կապված:
Արտակ Նավասարդյանը հայտնեց՝ Գևորգ Նավոյանը մեղադրանքը չի ընդունում. ինքը որևէ մեկին կաշառք չի տվել: Ու նշեց. «Ավելին, այն անձը, որին ըստ մեղադրանքի՝ նշվում է, որ իբր Նավոյանը կաշառք է տվել, այդ անձը՝ Անահիտ Գրիգորյանն ինքն էլ նշում է, որ իրեն կաշառք չեն տվել, ինքն աշխատանք է կատարել, քարոզչություն իրականացրել, առկա է քաղիրավական պայմանագիր, դրա հիման վրա ստացել է այդ պայմանագրային վճարը: Հետաևաբար թե′ Նավոյանը, թե′ Գրիգորյանը կաշառք տալու և ստանալու հանգամանքը հերքում են: Այլ որևէ ապացույց այս մասով չկա»:
Կարդացեք նաև
Պաշտպանը նաև հայտնեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու 35-ամյա Հակոբ Էքիզլարյանը, ով, ի դեպ, հետախուզման մեջ է, այս գործով չի անցնում, թեև մամուլում նման տեղեկություններ կան: Գործը նրա մասով դեռ դատարան չի գնացել:
Անահիտ Գրիգորյանի առիթով էլ Արտակ Նավասարդյանը նշեց. «Երբ ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ինքը հանձնել է 40.000 ՀՀ դրամ, այնտեղ բացատրություն է տվել, որ դա իբր կաշառք է: Հետագայում ինքը որպես վկա ցուցմունք է տվել, որ դա ոչ թե կաշառք է եղել, այլ պայմանագրային վճար, իսկ թե ոստիկանությունում ինչու է նախկինում նման բացատրություն տվել, ինքը հստակ նշել է, որ իր ամուսինը վատառողջ է, իրեն ոստիկանությունում երկար պահել են, ինքն ուզել է իրենց ուզածը գրել, այնքան որ շուտ գնա, հասնի իր ամուսնուն: Այս գործով մեկ ուրիշ անձ էլ կար՝ Ավետիք Մկրտչյանը, նույն պայմանագիրն էլ իր մասով էր, նրա մասով գործը դատարան չուղարկվեց, այսինքն՝ ի սկզբանե նշվում էին, որ իբր պարոն Նավոյանը Ավետիք Մկրտչյանին կաշառք է տվել նույն իրավիճակում, այդ անձին ևս տարել էին ոստիկանության բաժանմունք, ինքը ևս նման բացատրություն էր տվել, բայց հետագայում կրկին հերքել էր, որ որևէ կաշառքի հարց չի եղել և իր մասով ընդհանրապես գործը կարճվեց, նույնիսկ դատարան չուղարկվեց»:
Հետաքրքրվեցինք՝ գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, հնարավո՞ր է գործն այլ ընթացք ստանար, եթե Գևորգ Նավոյանը չլիներ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, փաստաբանը պատասխանեց. «Գործը քաղաքական բնույթ ունի, թե ոչ, ես չեմ պատասխանի այդ հարցին, որովհետև ես որպես իրավաբան կարող եմ իրավական առումով պատասխանել: Այս գործով դատավոր Մարտիրոսյանը նախաքննության ընթացքում դեռևս միջդատական վարույթի շրջանակներում թույլատրել է, որ Նավոյանի բնակարանում խուզարկություն կատարվի, մի անգամ թույլատրել է, որ իր հեռախոսային խոսակցությունները վերահսկվեն, մի անգամ կալանավորել է և մի անգամ էլ դատական քննության ժամանակ կալանքը թողել է անփոփոխ: Այդ ամենից հետո այս գործը գալիս է դատարան, այս գործը նորից դատավոր Մարտիրոսյանին է մակագրվում, ու մենք տեսնում ենք, որ այդ մակագրումն ակնհայտորեն ոչ իրավաչափ է եղել: Նշված փաստական հանգամանքները, եթե համադրում ենք, ապա Ձեր հարցի պատասխանը ստանում եք»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին` ժամը 12.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ