ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն այցելությունների, պետական օդանավով թռիչքների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ իշխանամերձ «Փաստերի ստուգման հարթակ»-ը սեպտեմբերի 15-ին հրապարակում էր կատարել, համաձայն որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է Բադեն-Բադեն։ Ըստ հարթակի՝ երրորդ նախագահը Բադեն-Բադեն է մեկնել ավելի քան 16 անգամ, ավելին, Սարգսյանը Բադեն-Բադենում է եղել նաև 2016թ ապրիլյան պատերազմի ավարտից հետո՝ ապրիլի 5-ին։
ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նշված հանգամանքների վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ըստ արդյունքների՝ ընթացքը լուծելու նպատակով:
«Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազություն նաև այդ հանգամանքների վերաբերյալ ստացվել է հանցագործության մասին հաղորդում: Վերջինս մեր կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով այդ հանգամանքը, Քրեական ոստիկանությունից պահանջվել են իրենց ուղարկված գրությունը հրապարակումների հետ միասին՝ ՀՔԾ ուղարկելու և նախապատրաստվող նյութերի հետ միասին քննության առարկա դարձնելու նպատակով»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: