Հոկտեմբերի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել ու հայտնել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտից «Տոյոտա» մակնիշի մեքենայով դանակահարված երեխայի տարան։ Քիչ անց նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ դպրոցահասակ տղա էր բուժօգնության տեղափոխվել։
Ըստ նախնական տվյալների՝ Ազատության պողոտայի խանութներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ անծանոթ մեկն էր նրան դանակահարել։
Կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել. ի վիճակի չէր բացատրություն տալու։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ ԸԲԿԲ ծառայողների փոխգործակցության արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Կարդացեք նաև
Տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին դանակահարել է Զարյան փողոցում բնակվող մի անչափահաս: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն