ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վաստակաշատ դասախոս, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով:
Միջոցառման մեկնարկին մասնակիցները մեկ լռությամբ հարգեցին Արտակ Մովսիսյանի և 44-օրյա պատերազմում զոհված բոլոր նահատակների՝ այդ թվում նաև համալսարանական այն 12 հերոս-ուսանողների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
Գիտական կյանքում Արտակ Մովսիսյանի վաստակը մեծ է ու արժեքավոր: Մասնավորապես նրա գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ, հինգ փաստագրական ֆիլմեր և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, ձեռնարկներ ու հրապարակումներ: Թերևս այս ցանկը շարունակելի կլիներ, եթե 50 տարեկանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով չընդհատվեր երիտասարդ պրոֆեսորի կյանքը:
Գիտաժողովին, որի ընթացքում հնչեց Արտակ Մովսիսյանի գիտական կյանքին ու գործունեությանը վերաբերող 8 զեկուցում, ներկա էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Արամ Քոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ, գործընկերներ, հարազատներ ու ուսանողներ: «Երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի պատմական ժառանգությունը դեռ երկար տարիներ պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի հանրությանը, քանի որ նրա գործերը սերունդներ են կրթելու: Ազգանվեր հայորդու հիշատակը պետք է վառ պահել, քանի որ նա հիրավի կենդանի լեգենդ էր: Հինգ տասնամյակ ընդամենն ապրեց, սակայն ծանրակշիռ պատմական ժառանգություն ստեղծեց՝ քաղաքացիություն տալով հայոց պատմության պետականության կազմավորմանը՝ հասցնելով այն 3-րդ հազարամյակի սկիզբը: Հետագայում այդ ամենը ներառվեց դասագրքերում, ուստի միայն դա արդեն բավական էր, որպեսզի նա մեծ ճանաչում ձեռք բերեր»,- իր ելույթի խոսքում նշեց Էդիկ Մինասյանը և հավելեց, որ երիտասարդ պրոֆեսորը նաև պատմության կեղծարարության դեմ պայքարի առաջամարտիկն է եղել:
Կարդացեք նաև
Ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ դժվար է խոսել Արտակ Մովսիսյանի մասին անցյալով. «Արտակ Մովսիսյանը համալսարանի ներկան էր ու ապագան: Այն ջիղը, որով նա աշխատում էր նոր գիտելիք ստեղծելու ու փոխանցելու, նոր սերունդներ կրթելու համար, մեզ հնարավորություն չի տալիս նրա մասին անցյալով խոսելու: ԵՊՀ միջանցքներում մեր քննարկումներից յուրաքանչյուրի մեջ առկա էին նրա նախանձախնդրությունն ու մինչև վերջ պայքարելու ուժը: Նրա մահվան մասին բոթն անհավատալի էր: Ցավոք, համավարակը շատ արժանի մարդկանց տարավ: Այն սերմը, որ նա ներդրել է ուսանողների մեջ, դեռ բողբոջելու է: Մայր բուհն այն կարևոր հաստատությունն է, որը մեր պետականության անցյալն է, ներկան ու ապագան, ուստի մենք պետք է միշտ հիշենք ու վառ պահենք մեր մեծերի հիշատակը»:
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանն անդրադարձավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանը՝ ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» վերտառությամբ վերջին աշխատությանը, որը հրապարակվել է նրա մահից հետո: Գրքի շնորհանդեսի ժամանակ Միքայել Մալխասյանը նշեց, որ կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ հեղինակների՝ Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկությունների հիման վրա կատարած ուսումնասիրությունները:
«Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կմտնեմ հարազատ Սև շենք ու չեմ հանդիպի իմ առաջին ուսուցչին: Նրա դասերն անհնար էր բաց թողնել: Մինչ օրս հիշում եմ, թե մեր առաջին դասախոսության ընթացքում ինչ խանդավառությամբ էր պատմում Ավարայրի ճակատամարտը: Մենք իսկապես բախտավոր ենք, որ նրա ուսանողներն ենք եղել»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, Արտակ Մովսիսյանի ուսանողուհի Նելլի Արիստակեսյանը:
Հավելենք, որ միջոցառման ընթացքում Արտակ Մովսիսյանը «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից պարգևատրվեց «Վահագն Զորության Ռազմի Աստված» ոսկյա հուշամեդալով:
ԵՊՀ