Երբ դանակը հասավ ոսկորին իրանական կողմը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ, որովհետեւ զգում է, որ տարածաշրջանում երկու խոշոր պետություն կա, որը թելադրում է իր կանոնները, մեկը՝ Թուրքիան, որը պատմականորեն Իրանի հետ ունի բարդ հարաբերություններ, եւ Ռուսաստանը, որի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ, ունի պատմական լուրջ դժվարությունների անցյալ։ Այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադառնալով վերջին շրջանում Իրան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների վատթարացմանն ու դրա՝ Հայաստանի համար հնարավոր հետեւանքներին։
Պարոն Հակոբյանը պատմական ակնարկ կատարեց, հիշեցնելով՝ Թեհրանում եւ Մոսկվայում լավ են հիշում, որ այս տարածաշրջանը՝ Արաքսից ձախ ընկած, անվանում են Անդրկովկաս կամ Հարավային Կովկաս, իսկ դա երկու հարյուր տարի առաջ կռվախնձոր է եղել հենց Իրանի եւ ՌԴ-ի միջեւ, եւ ռուսները եկան իրանցիներից գրավեցին Երեւանն ու մյուս տարածքներն ու միացրեցին Ռուսաստանին։
«Հիմա իրանական կողմը զգում է, որ ինքը հայտնվում է մի իրավիճակում, երբ իր համար տարածաշրջանում խաղալու այլեւս տեղ չկա, բայց սրա հետ կապված ինքն իրեն հարց ունի տալու հենց Թեհրանը՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Պատերազմի ընթացքում պաշտոնական Թեհրանը շնորհավորեց Ադրբեջանին իր հողերն ազատագրելու համար, 1993 թվականին կոչ է արել դուրս գալ զավթված տարածքներից, ավելին՝ 1993-ի ամռանը իրանական կողմը ստիպեց, որպեսզի իրանահայ երեք թեմերը դատապարտեն հայկական գործողությունները Աղդամում։ Այսօր Հայաստանում, հատկապես իրանագետների շրջանում, կա շատ բարյացակամ վերաբերմունք Իրանի նկատմամբ, եւ նույնիսկ՝ պաշտպանություն, որոշ դեպքերում հայկական քաղաքական միտքը նույնիսկ փորձում է իրանական տեսակետները առաջ տանել։ Անկասկած, Իրանը ՀՀ-ի համար չափազանց կարեւոր պետություն է, մենք լավ հարեւաններ ենք, բայց կան շահեր, եւ այդ շահերով պետք է առաջնորդվել»,-ասաց Թաթուլ Հակոբյանը։
Տարածաշրջանում այն ինչ տեղի է ունենում, ըստ Թաթուլ Հակոբյանի, Իրանի նյարդային արձագանքն է, եւ ոչ թե Արցախում տեղի ունեցածի, այլ՝ ինքը տեսնում է, որ ինքը տարածաշրջանից դուրս է մղվում եւ կարող է ընդհանրապես տեղ չունենալ, եւ հենց այդ պատճառով է հակաադրբեջանական հայտարարություններ անում․ «Ինձ զարմացնում է, որ հայկական շրջանակներում սպասում են, թե՝ հեսա ուր որ է Իրանը կհարվածի Ադրբեջանին եւ այլն։ Այս բաներով չպետք է ուրախանալ, սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ եւ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ հենց Հայաստանի համար, եթե անգամ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն է՛լ ավելի լարվեն։ Ես չեմ կարծում, որ նման կետի կգան, եւ կարծում եմ, որ հարցը խաղաղ կարգավորում կունենա եւ Ադրբեջանն ու Իրանը որոնք, ունեն շատ ավելի լուրջ շահեր, քան ՀՀ-ն ու Իրանը, իրենք համաձայնության կգան, բայց ես մտահոգ եմ, որ համաձայնությունները հանկարծ չլինեն մեր շահերի հաշվին»։
Կարդացեք նաև
Պարոն Հակոբյանի ներկայացմամբ՝ այս տարածաշրջանում բոլոր տերությունները ներգրավված են, եւ ակնառու է, որ կարող են լուրջ զարգացումներ լինեն, բայց չկա Հայաստանը, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է շատ նեղ հարցերով, ընդդիմությունն էլ զբաղված է ավելի նեղ իր շահերով։
Այդուհանդերձ, պարոն Հակոբյանը համոզված է՝ չենք գա մի իրավիճակի, որ տարածաշրջանում նոր պայթյուն լինի․« Իրանը մտահոգված է, որ ՀՀ-ն չտա միջանցք, որպեսզի Ադրբեջան ու Թուրքիան կապվեմ, եւ որը իրենց համար կլինի խոչընդոտ դեպի Հայաստան տարածվելու համար։ Իրանի մտահոգությունը դա է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզանից այդ միջանցքը կխլեն, բայց այդ միջանցքի հարցում իրանցիները պետք է ոչ թե մեզ հարցնեն, մենք այստեղ որպես պետություն չկանք, նույնիսկ Ադրբեջանը էական դեր չունի, Թուրքիան էլ, այստեղ ՌԴ-ն է որոշելու այդ միջանցքի հարցը։ Եւ եթե նրանք որոշեն, որ այդ միջանցքը տան ու իրենք էլ իրենց զորքով գան այդ միջանցքում կանգնեն, որպեսզի եւ իրենց ձեռքերի մեջ պահեն Հայաստանը, եւ ճնշման լծակներ ունենա Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, իրանցիները որեւէ բան անել չեն կարող։ Ինչ զարգացում էլ լինի ՀՀ-ն տուժելու է, որովհետեւ կորցրել է Արցախի անվտանգության ապահովողի դերակատարությունը, ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ։ Հայաստանը Սյունիքում իր անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանում կարմիր գծերն անցնում են Սյունիքով, բայց այդ կարմիր գծերի պատասխանատուն էլի ՌԴ-ն է, եւ եթե Հայաստանով անցի ինչ-որ միջանցք, բայց ես վստահ եմ, ուզում եմ հավատալ, որի չի անցնելու, ռուսներն են որոշելու։ ՀՀ իշխանությունն անելիք չունի, ամբողջ անելիքը պատվիրակել է ՌԴ-ին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ