Իրավիճակը տարածաշրջանում փոխվում է ամեն օր: Ի՞նչ դժվարություններ են սպասվում մեր երկրին եւ ինչպե՞ս ելք գտնել ստեղծված իրավիճակից: Այս խնդիրների շուրջ այսօր խոսել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ, պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը:
«Նախ, եկեք խոսենք արտաքին սպառնալիքների մասին, որում հայտնվել է Հայաստանը: Դա իմ գնահատականը չէ: Բոլորովին վերջերս վարչապետը կառավարության նիստին ներկայացնելով մեր իրավիճակը՝ եթե չեմ սխալվում, օգտագործեց հետեւյալ թեզը, որ ահագնացող սպառնալիքների իրավիճակը շարունակվում է: Այսինքն, նաեւ երկրի քաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ մեր երկրի նկատմամբ արտաքին սպառնալիքները գնալով ահագնանում են: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք, թե որն է այս ամենի պատճառը:
Պետք է փաստել, որ Արցախյան երկրորդ պատերազմը դեռ չի ավարտվել, պատերազմը շարունակվում է: Այն ստացել է նոր ձեւեր, բայց այն նպատակը, որին հետամուտ էին այդ պատերազմը հրահրողները, այն է՝ ձեւավորել աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիա, նոր ստատուս քվո, այդ խնդիրը լուծված չէ: Ավելին, ըստ էության պատերազմի արդյունքներով ոչ-ոք, թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային երկրները բավարարված չեն:
Հայաստանի եւ Արցախի չբավարարված լինելը հիմնավորելու կարիք չկա:
Կարդացեք նաև
Բավարարված չէ Ադրբեջանը, որը պատերազմի ավարտի հաջորդ շաբաթվանից զորավարժություններ սկսեց: Հետեւաբար, այն նպատակին, ինչին իրենք հետամուտ էին լինում, նոյեմբերի 10-ի արդյունքներով չեն հասել: Ավելին, Ադրբեջանում քիչ չեն այն ուժերը, այդ թվում նաեւ Ալիեւի կողմնակիցներ, որոնք բացատրություն են պահանջում, թե ինչո՞ւ Ալիեւն իր հաղթարշավն ընդհատեց: Եվ պնդումները, թե Արցախի խնդիրը կարելի է համարել կարգավորված, Ալիեւն էլ գիտի, որ այդպես չէ: Պատահական չէ, որ Մինսկի խմբի համանախագահներ Ամերիկան եւ Ֆրանսիան շատ հստակ ասում են, որ Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում պետք է վերականգնել:
Բավարարված չէ Թուրքիան, որովհետեւ այն, ինչ ինքը սպասում էր, չստացավ: Թուրքիան, ըստ էության, ղեկավարում էր ամբողջ ռազմական գործողությունը պատերազմի ընթացքում, բայց հանգրվանային բանակցային փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը, ընդունվեց առանց Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցության: Այո, Թուրքիան բավարարված չէ, թեեւ Արցախյան պատերազմի արդյունքում Թուրքիայի քաղաքական, ռազմաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում փոխվել է իր օգտին:
Բավարարված չէ, եւ դա այսօր արդեն ակնհայտ է դառնում, նաեւ Իրանը: Թեպետ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը թե պատերազմի ժամանակ, թե հատկապես հետպատերազմյան իրողությունների կապակցությամբ շտապեց, իմ կարծիքով՝ նույնիսկ վրիպեց, Ադրբեջանին շնորհավորելով տարածքի վերականգնման արդյունքով՝ ենթադրելով, թե այդ կերպ իրենք ամրապնդում են բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Մինչդեռ, դա այդպես չէր եւ չէր էլ կարող լինել: Խոսքը Սյունիքի հնարավոր կամ ենթադրյալ միջանցքի մասին է: Իրանը շատ լավ հասկանում է, որ այդ միջանցքը ուղղակիորեն ուղղված է լինելու նրան, որ Իրանը կտրվելու է Սեւ Ծով դուրս գալու հայաստանյան հնարավորությունից, ինչը Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները սահմանափակող գործոն է:
Սրանք այն խնդիրներն են, որոնք խոսում են այն մասին, որ, այնուհանդերձ, Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով հիմնական խաղացողները բավարարված չեն, հետեւաբար, պատերազմն, ըստ էության, շարունակվում է»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ