Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատերազմը չի հաղթել, այլ մարտն է հաղթել, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի տիրապետության ներքո չէ». Արիֆ Յունուսով

Հոկտեմբեր 08,2021 17:04

Անցած 20 տարիների ընթացքում ադրբեջանական բանակում հսկայական ներդրումներ են արվել՝ հիմնականում զենքի գնման տեսքով եւ սա Իլհամ Ալիեւի միակ արժանիքն է, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ներդրումներն իրենց արդարացրին. այս մասին, այսօր Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը 21 դարում» ամենամյա միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների կառավարման և միգրացիայի վարչության պետ, ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը: Միաժամանակ, նա նկատում է՝ Ադրբեջանը պատերազմը չի հաղթել, այլ մարտն է հաղթել, ինչպես նախորդ շրջանում Հայաստանն էր հաղթել, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի տիրապետության ներքո չէ:

Մեծ հաշվով, Ալիեւների իշխանությունը քաղաքագետը ձախողված է համարում, քանի որ ոչ արցախյան հարցն է լուծված, ոչ էլ Ադրբեջանն է զարգացած պետություն, եւ Իլհամ Ալիեւը կարող է ասել՝ պետությունը դա ես եմ:

Նախորդ 20-ամյակի իր վերլուծությունում Արիֆ Յունուսովը նկատեց, որ ամերիկյան երազանքի ադրբեջանական հեռանկարը նավթ է եւ նավթն էլ Հեյդար Ալիեւին բերեց իշխանության, քանի որ նա խոստացավ նավթի հաշվին Ադրբեջանում լավ կյանք ապահովել՝ Ադրբեջանը դարձնելով երկրորդ Քուվեյթ: Լավ կյանքի հեռանկարն էր, որ մարդկանց ստիպեց աչք փակել եւ ավտորիտարիզմի, եւ կոռումպացվածության վրա, անգամ որդուն՝ Իլհամ Ալիեւին իշխանության փոխանցման: Ըստ քաղաքագետի, այս ամենը «սնում» էին արեւմտյան, մասնավորաբար, ամերիկյան փորձագետները՝ Իլհամ Ալիեւին երիտասարդ բարեփոխիչ բնութագրելով՝ ի տարբերություն ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիեւի:

Բանախոսն ասաց, որ վերջին 20 տարիներին, էներգառեսուրսների վաճառքից ըստ պաշտոնական տվյալների 157 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել: Փորձագետն ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանում ի սկզբանե էլ վիճակագրական տվյալները ճիշտ չեն ներկայացվել, դրանց մի մասը չի ներկայացվել, իսկ ստացված եկամուտը գնացել է իշխող ընտանիքի գրպանը: Ըստ որոշ հաշվարկների, իրականում էներգառեսուրսների վաճառքից Ադրբեջանը տարեկան 190-240 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել: Բայց անգամ պաշտոնական տվյալներն են տպավորիչ եւ այդ գումարը 10 միլիոնանոց Ադրբեջանի զարգացմանը, բանախոսի հավաստմամբ, լրիվ բավարար էր, դեռ մի բան էլ ավել: Բայց ինչի՞ վրա են ծախսվել այս գումարները, ինչպե՞ս է հասարակ ադրբեջանցիների կյանքի որակը փոխվել, ի՞նչ քաղաքական փոփոխություններ են եղել. սրանք են հարցերը:

Արիֆ Յունուսովն արձանագրում է, որ Ադրբեջանում քաղաքական համակարգն ավտորիտար էր եւ եթե հայր Ալիեւը ձեւականորեն հանդուրժում էր ընդդիմադիր ուժերին, Իլհամ Ալիեւը ամբողջությամբ ջախջախեց թե ընդդիմադիր քաղաքական ուժերին, թե քաղհասարակությունը եւ այժմ ամեն ինչ գտնվում է իշխանական ռեպրեսիվ մեքենայի վերահսկողության տակ եւ վախի մթնոլորտում:

Բանախոսի բնութագրմամբ, Իլհամ Ալիեւը իրացնում է բացարձակ իշխանություն, իսկ Հեյդար Ալիեւի ֆոնդը վերածվել է մեգանախարարության, որը ֆինանսավորում է ոչ կառավարական կազմակերպությունների եւ հերթով «արանքից հանելով» հոր՝ Հեյդար Ալիեւի շրջապատին՝ հին գվարդիային, որը բավական շատ լծակներ ուներ, ապա «նախիջեւանյան կլանին», որն ավելի ազդեցիկ էր, Իլհամը ստացավ բացարձակ իշխանություն:

Ըստ Արիֆ Յուուսովի, 2017-ի Փաշաեւները հերթական փորձն արեցին Ալիեւի իշխանությունը սահմանափակելու, բայց անարդյունք: 2019-ին հարցը հանգուցալուծվեց հօգուտ Իլհամ Ալիեւի: Այսինքն, ըստ նրա, վերջին 20 տարում Իլհամ Ալիեւը «մաքրեց» դաշտը՝ ստանալով բացարձակ իշխանություն՝ առանց ձեւականությունների: Բայց եթե Սինգապուրում ավտորիտար իշխանությունը սոցիալ-տնտեսական փոփոխություններ իրականացրեց, ինչը հանգեցրեց զարգացման, Ադրբեջանում դա փաստացի չեղավ, թեեւ վիճակագրական բոլոր տվյալներով աճ է գրանցվում: Այդչափ նավթ եւ գազ ունեցող երկրի համար նման զարգացման տեմպը, բանախոսի գնահատմամբ, շատ ցածր է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031