Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեմպիոն հայրը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի․ հրաժեշտ տվեցին Գյումրու ավագանուն

Հոկտեմբեր 08,2021 16:46

Այսօր կայացավ Գյումրու 7-րդ գումարման ավագանու վերջին նիստը, որի ժամանակ էլ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացրեցին հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորը՝ մարզիչ Գևորգ Ալեքսանյանին։

Նա նաև Արթուր Ալեքսանյանի անունը կրող հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի տնօրենն է։

Կենսագրությունից պարզ դարձավ, որ 58-ամյա Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։ Ուսմանը զուգահեռ` նա աշխատել է հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ։

Հունահռոմեական ըմբշամարտով զբաղվել է 1970 թվականից, իսկ 1981 թվականին լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման, 1990 թվականին էլ դարձել է ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար։

2010 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր մրցավարի կոչմանը։

«Հարցը ավագանու քննարկմանն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ձեզ խնդրել է, որ ընդառաջեք, որովհետև շատ արժանի մարդ է, եթե կենսագրությունը չկարդայինք էլ, բոլորդ ճանաչում ենք Գևորգ Ալեքսանյանին»,-ասաց ավագանու նիստը վարող Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։

Գյումրու ավագանու անդամ Սուսաննա Աստոյանն էլ արձագանքեց․ «Մի մեծ, դրական բան է, որ Արթուր Ալեքսանյանն իր որդին է, մի քանի դրական բաներն էլ այն է, որ ինքն է հասցրել Արթուր Ալեքսանյանին չեմպիոնության՝ անձնական մարզիչը լինելով։ Խնդրում եմ ծափահարել իրեն»։

Ավագանին ծափահարություններով միաձայն ընդունեց քաղաքապետի առաջարկը։

Գևորգ Ալեքսանյանը ևս խոսեց՝ ասելով․ «Ես միշտ այն կարծիքին եմ, որ քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ և Գյումրու ավագանին միշտ ուշադրության կենտրոնում են պահում սպորտը։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր Գյումրու սպորտաշխարհի կողմից, և եթե աշխատանքը տեսնում եք, գնահատում եք, շատ լավ է։ Ես մի քիչ հուզվեցի, շատ շնորհակալություն բոլորից, որ գնահատում եք։ Մենք էլ փորձելու ենք այս քաղաքի ու հանրապետության պատիվը բարձր պահել սպորտային բոլոր ատյաններում»։

Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Գևորգ Ալեքսանյանի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց ավագանուն, քանի որ սրանով ավարտվեց ներկայիս ավագանու գործունեությունը։

«Ովքեր ուզում են ավագանու անդամ դառնալ, եթե լավ նպատակներով են այդ քայլին դիմում, ես ողջունում եմ»,-ասաց Ռուբեն Սանոյանը։

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանի հարցին էլ, թե ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի մասնակցում ավագանու վերջին նիստերին, Ռուբեն Սանոյանը պարզաբանեց, որ հանրապետությունից բացակայում է։

ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն էլ խմբակցության անունից շնորհակալություն հայտնելով՝ ասաց․«Թույլ տվեք մեր խմբակցության անունից էլ շնորհակալություն հայտնել ավագանու 7-րդ գումարման այս կազմին։ Համեմատելով ուրիշ քաղաքների ավագանիների հետ, իմ մասնավոր կարծիքով, ահագին արդյունավետ է եղել, կատարյալ չի եղել, բայց ահագին չարչարվել են մարդիկ։ Շնորհակալություն և՛ քաղաքապետարանին, և՛ ավագանուն, մյուս խմբակցությունների մեր գործընկերներին այս հինգ տարվա չարչարանքի համար, սա վերջին նիստն էր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031