«Անտարես» հրատարակչությունը եւ «Կողբ» հիմնադրամը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպել էին ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի համաշխարհային բեսթսելեր INCERTO շարքի՝ հայերեն թարգմանությամբ գրքերի շնորհանդեսը։ Գրքերի`աճուրդի միջոցով հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է Հայաստանի մարզերում ֆիզիկամաթեմատիկական, ինժեներատեխնիկական կրթության զարգացմանը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ երեկոյի մասնակիցներին միավորել է որակյալ բովանդակությունը: «Կողբ» հիմնադրամի նախագահ Արման Բարսեղյանը ներկայացրեց, թե ինչու են հատկապես Թալեբին ընտրել, եթե կան 1000-ավոր հեղինակներ, որոնց ներկայացրած բովանդակությունը բնավ չէր զիջում Թալեբին:
Կարդացեք նաև
«Թալեբի ընտրության գլխավոր չափանիշը օգտակարությունն է իրական կյանքում, պրակտիկայում, գաղափարները, կոնցեպտները եւ մտածողության կերպը, որոնք Թալեբը ներկայացնում է, որպեսզի խուսափենք մտածողության սխալներից»,-հավելեց նա:
Միջոցառումը մեկնարկեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուղերձով: Մաեստրոն նաեւ հատուկ դասական գործեր ներառող համերգային ծրագիր էր կազմել երեկոյի համար, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Ստրավինսկու, Միրզոյանի եւ իր ստեղծագործությունները՝ շեփորահարի, դասական քառյակի եւ երգչախմբի կատարմամբ։ Ներկայացվեց նաեւ յուրօրինակ պարային բեմադրություն` Ստրավինսկու երաժշտությամբ:
«Ուրախալի է, որ այսօրվա դժվարությունների ու անակնկալների ֆոնին կա նման մտահղացում եւ ծրագիր` իր հեռահար նպատակներով եւ լիցքերով, որն ուղղված է վաղվա օրվան»,-ընդգծեց մաեստրոն:
Երեկոյի ժամանակ տեսագրությյամբ ներկայացվեց Նասիմ Թալեբի ուղերձը, իսկ շնորհանդես-աճուրդից հետո կայացավ ջազային համերգ՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» կատարմամբ:
Միջոցառմանն, ի թիվս այլոց, ներկա էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն, որը թալեբյան շարքի խմբագիրն է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ