Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-ից բացվել է «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որը ներկայացնում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ու նրա կրտսեր ժամանակակից՝ ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները:
Դրանք՝ որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը եւ այլ նվիրատուներ:
Կարդացեք նաև
19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ՝ ցուցադրությունը ներկայացնում է նաև թանգարանի նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:
«Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսը այցելուների համար բաց է մինչեւ նոյեմբերի 5-ը:
Հավելենք, որ 100-ամյա պատկերասրահի հավաքածուն ներառում է ավելի քան 40 000 նմուշ, այդ թվում` գեղանկար, գրաֆիկա, դեկորատիվ արվեստ, կիրառական առարկաներ, քանդակ, որոնց մեծ մասը պատկերասրահը հարստացրել են նվիրատուների շնորհիվ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ