Անցած տարվա իրադարձությունները ոչ միայն Հայաստանի ռազմական պարտության եւ ԼՂՀ-ում ստատուս-քվոյի էական փոփոխության մասին էին, այլ հետխորհրդային Հայաստանի պետական ինքնության. այս մասին այսօր կարծիք հայտնեց Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը 21 դարում» ամենամյա միջազգային գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովի նպատակն է ամփոփել Կովկասում 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների արդյունքները:
Սերգեյ Մարկեդոնովի գնահատմամբ, արցախյան հակամարտությունը դեռ չի ավարտվել եւ խնդիրը Հայաստանի ռազմական պարտությունը չէ այս փուլում, այլ այն, թե Արցախի հարցը որքանո՞վ կմնա կենտրոնական տարր՝ հայաստանյան քաղաքականության մեջ, որքանո՞վ է հայ հասարակությունը պատրաստ կամ պատրաստ չէ պայքարել Արցախի համար, որքանո՞վ են առհասարակ այս հարցը իրենց համար արժեք ու առաջնահերթություն համարում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ներքաղաքական դիրքավորումը: Իրավիճակն, ըստ նրա, միանշանակ չէ եւ ամենը հասկանալու համար առնվազն անցած 30 տարիների իրադարձությունների վերլուծություն է անհրաժեշտ:
Այս համատեքստում, վերլուծաբանը նկատում է, որ ԽՍՀՄ անկման եւ Հայաստանի անկախացման գործընթացում առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանում իրադարձությունները չզարգացան արտաքին գործոնների ազդեցության ներքո, ինչպես Վրաստանում, այլ ներքին եւ համախմբման համար էական դեր խաղաց հենց Արցախն ու Արցախի հարցը, եւ ներքին խնդիրը շատ արագ փոխակերպվեց արտաքին խնդրի: Ուշագրավ է, որ փորձագետը հակամարտությունը արցախյան չի համարում, այլ հայ-ադրբեջանական՝ վկայակոչելով 1990-ականների հակամարտության աշխարհագրությունը՝ Շահումյանի շրջան, Մարտունաշեն, Գետաշեն, ԱՀ Խանլարի շրջան, «Կոլցո» օպերացիա…
Ըստ բանախոսի, այն, ինչ կատարվում է այժմ՝ Գորիս-Կապան, 2020 թվականի հունիսի 20-ի դեպքերը եւ այլն, նույնպես Արցախ չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ըստ նրա, սահմանների խնդիրը մշտապես է եղել եւ Արցախը միայն գլխավոր խորհրդանիշ էր այս ամենում: Իսկ հարցն այսպես է դրված՝ հայկական ինքնության պահպանություն՝ հնարավորինս մեծ տարածքում եւ ի՞նչ գին պետք է դրա համար վճարել: Ըստ բանախոսի, առաջին լուրջ բանավեճն այս հարցի շուրջ 1998-ին տեղի ունեցավ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածով, որն իր ժամանակին չգնահատվեց հավուր պատշաճի, բայց որում հարցի գինը շատ հստակ նկարագրվում էր:
Կարդացեք նաև
Իր հետագա վերլուծությունում Սերգեյ Մարկեդոնովը նկատում է, որ Արցախի պահպանության հարցը դարձավ ներքաղաքական շահարկումների առարկա եւ իշխանություն պահելու մեթոդ՝ առաջ բերելով, պայմանական, ղարաբաղյան կլանը:
2020-ի իրադարձությունների՝ ռուս վերլուծաբանի գնահատականները դուրս են դավադրապաշտականից եւ Նիկոլ Փաշինյանի դավաճանական նկրտումներից, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քիրվայության: Իր կարծիքով, հանրությունը 2018-ին գնաց Նիկոլ Փաշինյանի հետևից, քանի որ հոգնել էր արցախյան հակամարտությունից:
Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն վերաբերվող Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ապա Սերգեյ Մարկեդոնովը հայտարարում է. «Ավարտված է համարվում, եթե կա խաղաղության պայմանագիրը, որը քիչ թե շատ երկու հասարակություններում լեգիտիմ է։ ՄԵնք չենք տեսնում լեգիտիմություն ոչ միայն Հայաստանում, Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը ամբողջությամբ եւ մինչև վերջ ընդունել է պատերազմի արդյունքները: Ոչ: Ես հասկանում եմ Իլհամ Ալիեւի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիեւի փոխարեն, ես էլ կասեի՝ ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ