ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Ռուսաստան կատարած այցը քննարկումների տեղիք է տվել: Այդ պատվիրակության կազմում են եղել ընդդիմությունից «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանը, Իշխան Զաքարյանը: Հարցադրումները պատվիրակության այս կազմի հետ են կապված՝ ինչո՞ւ հենց նրանք, ինչո՞ւ են համաձայնել գնալ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում, երբ «Հայաստան» խմբակցությունից որեւէ մեկը չէր մեկնել:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Թագուհի Թովմասյանը պարզաբանեց, որ եղել է հրավեր ԱԺ նախագահին, ձեւավորվել է պատվիրակություն եւ սա աշխատանքային ճանաչողական այց էր. «Հանդիպումները ընդդիմադիր պատգամավորների ընդդիմադիր գործունեության տեսանկյունից շատ կարեւոր են, որովհետեւ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք հետագայում է՛լ ավելի կնպաստեն ընդդիմությանը տարբեր հարթակներում ավելի հասանելի ձայն ունենալ»:
Ինչ վերաբերում է քննադատությանը, որ Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը իշխանության հետ համագործակցում են, «խաղեր» են տալիս՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Պատվիրակության կազմողը պիտի պատասխանի, թե ում, ինչու, երբ են հրավիրել ու ինչ պատասխան է տրվել: Ես հրավերը քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ եւ իմ այցի մասով, իմ քայլերի մասով բացառապես ես եմ պատասխանատու: Մենք միասին եկել ենք այդ եզրահանգման ու ես մեկնել եմ Մոսկվա: Զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում պետք է լինեն պատգամավորներ: Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցելուն, ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ, դուրս եմ եկել խմբակցության կազմից, եւ եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որեւէ ընդհանուր բան ունենալ, ես կշարունակեի մնալ, որեւէ կաշկանդող բան ինձ չէր լինի: Ես դուրս եմ եկել համոզմունքով եւ շարունակում եմ իմ այդ համոզմունքին մնալ»: Նա Իշխան Զաքարյանի հետ կապված հորդորեց իրեն տեսնել ու հարցնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ