«Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռեւս շարունակում են պահպանվել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավական ակտիվ շինաշխատանքների մեջ է, որոնք ունեն ռազմական եւ քաղաքացիական նշանակություն: Շատ մտահոգիչ են Սյունիքի հարակից՝ Ադրբեջանի կողմից վերահսկված, այսինքն` Արցախից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման եւ այդ հատվածում ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքների հետ»,- Սյունիք կատարած այցի մասին խոսելով՝ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ այլընտրանքային ճանապարհի հետ ներկայումս աշխատանքներ տարվում են, դա մի քանի հարց լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության ամբողջական հարցը չի լուծելու:
Տիգրան Աբրահամյանը նաեւ ասաց, որ ուժային կառույցները չեն գալիս ԱԺ՝ պարզաբանումներ տալու, խուսափում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ