2021 թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցով հաստատված բոլոր միջոցառումները մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը պատշաճ ձևով կազմակերպված են և ըստ ժամանակացույցի կատարված: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը:
«Առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և շատ կարևոր է, որ այս ընտրությունները հնարավորինս լուսաբանվեն բոլոր լրատվամիջոցներով: ԱՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված համայնքներում նոր հերթական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են 4 լրատվամիջոցներ՝ ընդհանուր 27 ներկայացուցիչով և 2 դիտորդական կազմակերպություններ՝ 17 ներկայացուցիչով», – նշեց Ս. Ավետիսյանը:
Անդրադառնալով ընտրություններին մասնակցող թեկնածուներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մարտունու շրջանի Հերհեր համայնքում գրանցած է համայնքի ղեկավարի 1, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ղեկավարի ՝ 1, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում ղեկավարի՝ 2 և ավագանու անդամների՝ 5 (այստեղ առաջին անգամ անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ընտրություններ), Խաչմաչ համայնքում ղեկավարի՝ 2 թեկնածուներ»:
2021 թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։