«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը 6-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանին հարցրեցին՝ ի՞նչ լիազորություններ ունի փոխնախագահը, ի՞նչն է բուն պատճառը, որ դուք համառորեն իրեն չեք ուզում ընտրել, ունե՞ք մեկ այլ թեկնածու «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որ դուք ուզում եք նրան տեսնել այդ պաշտոնում: Ալեքսանյանը պատասխանեց. «Ձեր հարցը շարունակությունն է Արթուր Ղազինյանի այն մտքերի, իբր մենք վախենում ենք նրանից, դրա համար այդ պաշտոնում չենք ընտրում, ինչը բացարձակ սուտ է: Նախ, Արթուր Ղազինյանն ընդհանրապես վախ ներշնչող կերպար չէ, երկրորդը՝ ոչ մի առանձնահատուկ լիազորություն չունի հանձնաժողովի փոխնախագահը: Նա մենակ վարում է նիստը, երբ հանձնաժողովի նախագահը բացակայում է: Իսկ թե ինչու չենք ընտրում, այստեղ կարող ենք տրամադրել մոտ 6 ժամանոց վիդեո ֆորմատ մեր հանձնաժողովի նիստերից: Պատճառները շատ են, օրինակ, Արթուր Ղազինյանը չի ծառայել զինված ուժերում: Դրա հետ մեկտեղ Ղազինյանը չի տիրապետում տարրական ԶՈՒ-ին վերաբերող հարցերին»:
Դիտարկմանը՝ այսինքն, զինված ուժերում չծառայած Փաշինյանը կարող էր լինել վարչապետ, բայց Ղազինյանը չի՞ կարող լինել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Այո, պետք է պատկերացում ունենար զինված ուժերի կազմվածքի, կառուցվածքի մասին առնվազն, Արթուր Ղազինյանը դա չունի: Հաջորդ պատճառը Արթուր Ղազինյանի ֆինանսական մեծ միջոցներն են, որը նա չի պարզաբանում, թե որտեղից է ստացել: Ասում է՝ բիզնես եմ արել, բայց դրա մասին ոչ մի տեղեկություն չկա: Դրանից, զատ Արթուր Ղազինյանն անում է մի շարք հայտարարություններ, որոնք ինձ համար անընդունելի են: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հանձնաժողովի փոխնախագահը դրական վերաբերմունք ունենա ՀՀ ԶՈՒ-ի՝ ներքաղաքական կյանքին մասնակցությանը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նախընտրելի թեկնածուին՝ Ալեքսանյանն ասաց. «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու եւ դա Արթուր Ղազինյանն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ