Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, խոսելով Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործի ու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մասին՝ ասաց. «Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որպեսզի պարոն Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու: Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում պարոն Առուշանյանի նկատմամբ: Բայց քարոզարշավի ընթացքում նոր երանգներ է այս ամենը ստանում՝ իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ կոնկրետ հակաքարոզչություն է իրականացնում պարոն Առուշանյանի նկատմամբ՝ փորձելով արատավորել նրա բարի համբավը եւ վարկը: Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել պարոն Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը: Պարոն Խաչատրյանը եւ իր մյուս գործընկերները, որոնք արցախյան պատերազմի ժամանակ գումար էին վերցնում ԱԺ-ից, որ հասնեին Սյունիք եւ Արցախ, հարցականի տակ են դնում պարոն Առուշանյանի՝ մարտական գործողությունների մասնակցության հարցը»:
Աննա Գրիգորյանը նաեւ ասաց, որ հարց է, թե Արմեն Խաչատրյանն ի՞նչ լիազորություններով է քարոզարշավի մասնակցում Սյունիքում, երբ նույնիսկ արձակուրդում չի գտնվում: Պատգամավորը նաեւ կասկածի տակ է դնում այն, որ իշխանությունները ներդրում են անում Սյունիքում, բայց դա լինում է հենց ընտրություններից առաջ:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս առնչությամբ հայտարարեց. «Գորիսում լուրեր են տարածում, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն այս ընտրություններում հաղթի, ապա նրան ազատ են արձակելու ու դրա դիմաց նա հրաժարական է տալու: Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը՝ նման պայմանավորվածություն չկա եւ լինել չի կարող: ՀՀ-ում ցանկացած մեկը, ով կատարել է հանցագործություն, դրա համար կրելու է պատիժ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ