Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը ստացել է զեկուցագիր, որ Առատաշեն համայնքի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում խախտվել են ՀՀ առողջապահության նախարարի 23.04.2021 թ. թիվ 1393-Լ հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պարտադիր պահանջները՝ այն է՝ Covid 19 կորոնավիրուսային հիվանդության դեմ անվճար պատվաստում կարող են ստանալ միայն այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 օր եւ ավելի տեւողությամբ գտնվում են ՀՀ-ում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ Առատաշեն համայնքի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Լ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն խախտել են առողջապահության նախարարի հրամանը, ինչի արդյունքում բազմաթիվ ԻԻՀ քաղաքացիներ պատվաստվել են «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով եւ կեղծված տվյալներ պարունակող փաստաթղթերի միջոցով դրանց արդյունքները ներբեռնվել են ՀՀ առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ:
Դեպքի առիթով, իրավապահ մարմիններում նախապատրաստվում են նյութեր: Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Լ. Բ.-ին եւ Ա. Բ.-ին հայտնաբերելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ