Վանաձորի Սուխումի 1 հասցեի բնակիչներն անհանգստացած են: Շենքը գտնվում է «Բազում» թաղամասի ցածրադիր հատվածում: Արդյունքում տարիներ շարունակ ամբողջ թաղամասի անձրեւաջրերն ու հալոցքաջրերը լցվում են նշված շենքի բակ: Սակայն միայն բակ լցվելով խնդիրը չի ավարտվում: Ամբողջ ջուրն ու հավաքված տիղմը լցվում է շենքի նկուղ եւ խարխլում շենքի հիմքը. «Խորհրդային տարիներին գալիս էին՝ հատուկ մեքենաներով ու պոմպերով ժամանակ առ ժամանակ ջուրը հանում էին: Իսկ հիմա ոչ մեկը դրանով չի զբաղվում, ոչ մեկին դա հետաքրքիր չի: Ստացվում է, որ քաղաքում եզակի ամրացված, եվրավերանորոգված շենքերից մեկն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած: Շատ արագ ինքը կարող է խարխլվի եւ շահագործման ենթական չլինի, վտանգ ներկայացնելով բնակիչների համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակչուհի Նարինե Մաթեւոսյանը:
Նարինեի խոսքով՝ բնակիչների ուժերով հավաքված տիղմը, անձրեւաջրերի հետ եկած աղբը կարողանում են մաքրել բակից, մինչդեռ նկուղը ջրից ազատելը լուրջ խնդիր է: Սեփական ուժերով անհնար է:
Բնակիչները նշում են, որ խնդրի վերաբերյալ բազմիցս դիմել են քաղաքապետարան եւ համայնքի ավագանու անդամներին. «Ավագանու անդամներից Կարինե Ղուկասյանն ու Անահիտ Կարապետյանը սկսեցին լրջորեն զբաղվել դրանով: Մի անգամ ասեցին, որ նախահաշիվ նախահաշվարկը պատրաստ է, որպեսզի ջրհորդաններ կառուցվեն եւ անձրեւաջրերը ոչ թե լցվեն շենքի նկուղ, այլ շենքի հետեւի մասով թափվեն ազատ ու անվնաս տարածք: Դրանով փրկվում էր շենքը: Հետո նշեցին, որ պետք է նմանատիպ մի քանի խնդիրներ լինեն, որ գումար հատկացվի եւ մի քանի շենքի համար միանգամից կառուցվի, քանի որ ծրագիրն ու կարգն այդպես է: Իրականում չգիտեմ, թե այդ շենքերն այդպես էլ չհայտնվեցին, թե էլ ուրիշ ոչ մի շենք նման խնդիր չունի, տեղյակ չեմ»:
Կարդացեք նաև
Արդյունքում այնպես ստացվեց, որ մինչ օրս խնդիրը շարունակում է լինել արդիական ու յուրաքանչյուր անձրեւի հետ խարխլել 9 շքամուտք ունեցող շենքի հիմքը. «Մինչեւ հիմա ոչ մի լուծում չի եղել, ոչ մի պաշտոնական նամակ չենք ստացել, բազմիցս դիմել ենք եւ՛ լրատվամիջոցների, եւ՛ պաշտոնյաների, սակայն սայլը տեղից չի շարժվում: Բնակիչներն արդեն զզվել ու հոգնել են: Հիմա էլ երկրաշարժերը հաճախակի են դարձել, ընդ որում՝ եթե այս շենքում նախկինում այդքան ուժեղ չէինք զգում, էս վերջին շրջանում ինչպես մյուս բոլոր հին խարխլված շենքերի բնակիչները մենք նույնպես դուրս ենք թռչում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ