Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտությունը հաղթանակի ձևի մեջ քողարկելը հղի է պարտություններով. Նասիմ Թալեբի INCERTO շարքը ներկայացվեց ընթերցողին

Հոկտեմբեր 08,2021 11:52

Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի համաշխարհային բեսթսելեր INCERTO շարքը հայերեն թարգմանությամբ դրվեց ընթերցողի սեղանին։ «Անտարես» հրատարակչությունը և «Կողբ» հիմնադրամը հոկտեմբերի 7-ին անցկացրին Թալեբի գրքերի շնորհանդեսը։
Միջոցառումը մեկնարկեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի՝ ինտելեկտուալ երաժշտության մասին խոսքով եւ ուղեկցվեց նրա կողմից հատուկ կազմված դասական համերգային ծրագրով։ Հնչեցին Կոմիտասի, Ստրավինսկու, Մանսուրյանի, Միրզոյանի ստեղծագործությունները՝ շեփորահարի, դասական քառյակի եւ երգչախմբի կատարմամբ։ Ներկայացվեց ինքնատիպ պարային բեմադրություն Ստրավինսկու «Весна священная» ստեղծագործության հիման վրա։

«Երբ քեզ սովորեցնում են, բայց դու ծարավ չես կամ պատրաստ չես ընդունել գիտելիքի և հմտության թուրմը, ապա ձևը սկսում է գերադասել բովանդակությանը։ Երբ ինքդ ես փնտրում գիտելիքը և ուսուցչին ու բախտդ բերում է գտնում ես նրան, ունենում ես բովանդակություն, որը ներդաշնակ է ձևին: Պարտությունը հաղթանակի ձևի մեջ քողարկելը հղի է պարտություններով: Հաղթանակը պարտության ձևի մեջ քողարկելը նույնպես հղի է պարտություններով։ Ճանաչած, ընդունած, գուրգուրած հաղթանակը դառնում է հաղթելու դաս։ Ճանաչած, ընդունած, հետազոտած, վերաիմաստավորված պարտությունը դառնում է դաս և դառնում է հաղթանակի նախապայման: Թալեբ արաբերեն նշանակում է աշակերտ, սովորող։ Թալեբը չի վարանում անընդհատ սովորել, սխալվել՝ նախընտրելով սովորել ուրիշների սխալների վրա՝ այլ ժամանակների, այլ ժողովուրդների, այլ մարդկանց։ Միայն հավերժ ուսանողը, հավերժ պրպտողը, հավերժ հետազոտողն է մոտենում ճշմարտությանը, գտնում բանալիներ թե իր, թե այլոց համար։ Այն մարդը, ով հագեցել է սովորելուց դառնում է ձև, ֆուտլյար։ Մենք այսօր եկել ենք այստեղ կարևորելու բովանդակությունը»,-իր խոսքում նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը ավելացրեց. «Որպես հեղինակ՝ Նասիմ Թալեբին տարբերակող գլխավոր հատկանիշը նրա գրքերի ու մտքերի օգտակարությունն է իրական կյանքում, պրակտիկայում։ Թալեբի կոնցեպտները, վերլուծությունները ուղղված են մարդկային մտածողության սխալների, թերությունների, բացերի նվազեցմանն ու հաղթահարմանը ինչպես անհատական, այնպես էլ հանրային մակարդակում։ Վերափոխված մտածողության շնորհիվ միայն մեր ապագան կարող է շահեկանորեն տարբերվել մեր անցյալից ու ներկայից։

Թալեբի գրքերի շնորհանդեսը նույնպես պրակտիկ օգտակարություն ունի. միջոցառման ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը ուղղվելու է Հայաստանի մարզերում ֆիզիկա-մաթեմատիկական, ինժեներա-տեխնիկական կրթության զարգացմանը, առանց որի մեր այդքան կարեւորվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկարաժամկետ կայուն զարգացման հեռանկար չունի»։
Ներկաները հնարավորություն ստացան դիտելու Նասիմ Թալեբի ուղերձը։

Այնուհետև գրքերի թարգմանիչներն ու խմբագիրները հանդիսավոր կերպով բեմ բարձրացրին INCERTO շարքի գրքերը։ Ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ով թալեբյան շարքի խմբագիրն է։
Միջոցառման ընթացքում անցկացվեց գրքերի շնորհանդես-աճուրդ։

Միջոցառման ավարտին անցկացվեց ջազ համերգ՝ Վահագն Հայրապետյան տրիոյի կատարմամբ։

Նշենք, որ միջոցառման գործընկերներն էին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը, «Ֆորա Պրեմիում» ընկերությունը, Team Telecom Armenia-ն, «Պեռնո Ռիկար Արմենիա»-ն, «Արմենիան Հելիքոփթերս» ավիաընկերությունը։

«Անտարես» հրատարակչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031