Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բադեն-Բադենը»՝ որպես քաղաքական փաստարկ

Հոկտեմբեր 08,2021 10:00

Ես, ճիշտն ասած, կարծում էի, որ ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքական դիսկուրսից աստիճանաբար կվերանան «Բադեն-Բադեն» եւ «Մոնումենտի դղյակներ» հասկացությունները: Ես հույս ունեի, որ քաղաքական ոլորտից դրանք կտեղափոխվեն իրավական դաշտ, քանի որ, ինչպես ասում են, մեխն էլ է իշխանության ձեռքը, մուրճն էլ: Այսինքն՝ եթե ապացուցված է, որ «Մոնումենտի դղյակներից» որեւէ մեկի սեփականատերն իր այդ շինությունը կառուցել է անօրինական փողերով, ապա երեքուկես տարին, կարծում եմ, լիովին բավարար է՝ այդ սեփականատիրոջը քրեական պատասխանատվության կանչելու համար: Եթե չեն կանչել, ուրեմն, դղյակների մասին խոսակցությունը պարզապես քարոզչական դարձվածք է, որը տեղի-անտեղի օգտագործում են իշխանավորները՝ իրենց ընտրազանգվածի ատելությունը վառ պահելու համար:

Եթե ապացուցված է, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այսինչ օրը այցելել է այսինչ խաղատունը, այնտեղ պարտվել է այսինչ գումարը եւ այդ գումարը նա հափշտակել է, ասենք, պետական բյուջեից, ապա ինչո՞ւ Երրորդ նախագահը առայսօր ազատության մեջ է: Եվ, ի դեպ, ինչու են ազատության մեջ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարգսյանը (նույն ինքը՝ լեգենդար «Սաշիկը»), որոնց ենթադրյալ «հանցագործությունների» մասին տարբեր ժամանակահատվածներում խոսվում էր գրեթե ամեն օր: «Մուծվե՞լ են»՝ այդ պատճառով են նրանց գոյության մասին մոռացել:

«Բադեն-Բադենի» եւ «Մոնումենտի» մասին հույսերս, մի խոսքով, չիրականացան: Վարչապետը եւ նրա թիմի ներկայացուցիչներն այդ «փաստարկը» պահում են որպես ցանկացած հարցի, ցանկացած քննադատության պատասխան: Եվ այդ տեղանունները շարունակում են հնչել Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերի ժամանակ: Շուտով, հավանաբար, բոլոր քննարկումները տեղի են ունենալու հետեւյալ սցենարով: Հարց. ինչո՞ւ է կորոնավիրուսի դեմ այդքան քիչ մարդ պատվաստվել: Պատասխան. Բադեն-Բադեն: Հարց. ինչո՞ւ են վառելիքի գները շեշտակի բարձրացել: Պատասխան. Մոնումենտ:

…Երբ ասվում է՝ «պոպուլիզմ», մարդիկ սովորաբար հասկանում են ամբոխահաճ ճառերը: Բայց այդ եղանակով, չնչին բացառությամբ, ճառում են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները՝ իշխանական եւ ընդդիմադիր. ոչ ոք չի ուզում ժողովրդին տհաճ բաներ ասել: Պոպուլիզմն, իմ կարծիքով, «չարիքը մարմնավորող» մարդկանց ու խմբերը ժողովրդի ուշադրության կենտրոնում պահելն է: Նպատակն էլ պարզ է. համոզել մարդկանց, որ իրենց բոլոր խնդիրները պայմանավորված են այդ մարդկանց գոյությամբ: Այլ կերպ ասած՝ որ բոլոր բարդ խնդիրներն ունեն հեշտ լուծումներ:

Այդ է պատճառը, որ «Բադեն-Բադենը» եւ «Մոնումենտը» հնչելու են այնքան ժամանակ, որքան այդ բառերը լսող կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Բադեն-Բադենի հանրահայտ Kurhaus խաղատուն-թանգարանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեր շրջապատում կա՞ն մարդիկ, որոնք չգիտեն թե ինչ է կատարվել 2-րդ և 3-րդ նախագահների կառավարման տարիներին, ինչպես են մանր ու մեծ չինովնիկները և իշխանությանը սպասարկող «բիզնեսմենները» դարձել մուլտիմիլիոնատերեր: Զավեշտալի կլիներ մտայնությունը, որ վերոհիշյալ նախագահները անմասն են մնացել այդ թալանից: Ընդհանրապես պատմության ընթացքում քիչ չեն հանցագործությունները, որոնց մասին իմացել են, սակայն ապացուցել չի հաջողվել:
    Ես էլ կարծում եմ, որ ճիշտ չէ Բադեն-Բադենի մասին առաջին դեմքի մակարդակով խոսելը, բայց որ դրանց ամեն առիթով պետք է հիշեցնել իր ունեցվածքի գողության շնորհիվ ունենալը՝ պետք է:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Հարց. Ինչու՞ մերժված Սերժը մերժեց վերցնել 5 միլիարդը, իսկ «ժողովրդի վարչապետը» շտապեց կիրթ ու կառուցողական հայտարարել այդ միլիարդատիրոջը:
    Պատասխան. Բադեն-Բադեն:

    Հարց. Ինչու՞ հարբեցող ծաղրածուն հանկարծ որոշեց խախտել եռակողմ համաձայնությունը ու հանձնել Սյունիքի բանալիները իր կիրթ ու կառուցողական բորենի ընկերոջը: Ի՞նչ արժեր այդ «բանավոր ըմբռնումը»:
    Պատասխան. Մոնումենտ:

    Հարց. Ի՞նչ է նշանակում ԲՏ:
    Պատասխան. Բադեն-ՄոնումենՏ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031