Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոն լույսի շող է, թեեւ պատերազմները միայն էկրանին չեն

Հոկտեմբեր 08,2021 13:30

Այսօր գերպրկված նյարդերով մեր տարածաշրջանում մի տեսակ հերոսություն է համերգ, փառատոն, գիտական կոնֆերանս ու ցուցահանդես կազմակերպելը: Ու չնայած դեպրեսիվ իրականությանը, Հայաստանում կայանում են, օրինակ, Կոմիտասին նվիրված գիտաժողով-փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, դասական եւ ազգային երաժշտության համերգներ, որովհետեւ ի վերջո պետք է ֆանատիզմին հաղթի բանականությունը եւ միտքը չպարտվի տգիտությանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի հենց այդ համատեքստում էր, բացման արարողությունն էլ բավականին զուսպ էր, բայց կոնկրետ ուղերձով` ազատել բոլոր գերիներին, իսկ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգում էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակը:

«Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանն ասում է, որ բազմաթիվ դժվարություններից հետո Հայաստանում կրկին փառատոն կազմակերպելն ու համաշխարհային հյուրերի հրավիրելը լուրջ իրադարձություն է, հատկապես, որ տագնապ կար, թե Հայաստանում ամեն ինչ կործանվում է, բայց ամեն մեկն իր հերթին պետք այնպես անի, որ մարդիկ պատմեն աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է, հզոր է, ապրում է, ունի զինվոր, բանվոր, աշխատավոր եւ կինո, որը հետաքրքրում է աշխարհի լավագույն ռեժիսորներին, կինեմատոգրաֆիստներին:

Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» բացվեց իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ընդհանրապես այս ռեժիսորի ֆիլմերը խոսում են հետպատերազմական փուլերի, դաժանության, վայրագությունների մասին: Լապիդն ասում է՝ հույս ունի, որ մարդկությանը կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ սերը դեպի կինոն: Իսրայելցի ռեժիսորը ֆիլմի վերնագիրը պատահական չի ընտրել, դա պաղեստինցի աղջկա` Ահեդ Թամիմիի անունն է, որն ապրում էր Իսրայելի կողմից օկուպացված փոքրիկ բնակավայրում: 2018-ին, երբ իսրայելցի զինվորները փորձել էին ներխուժել նրանց տուն, աղջիկը ապտակել էր նրանցից մեկին ու հայտնվել բանտում: Պաղեստինցիների համար Ահեդը դարձել էր դիմադրության խորհրդանիշ, իսրայելցիների համար`ահաբեկչության: Իսրայելական Քնեսեթի անդամներից մեկն էլ Twitter-ում գրառում էր կատարել, որ պետք է կրակել այդ աղջկա ծնկին, որպեսզի այլեւս չկարողանա տեղաշարժվել: Հենց այս պատմությունն էլ հետաքրքրել էր Լապիդին:

«Ահեդի ծունկը» ֆիլմի հերոսը ռեժիսոր է, որը ցանկանում է ֆիլմ նկարել, նա այցելում է Գազայի հատվածում գտնվող բնակավայր, որպեսզի ներկայացնի իր նոր նախագիծը եւ գումար հայթայթի ֆիլմի համար: Այստեղ նա ծանոթանում է Իսրայելի մշակույթի նախարարության գրադարանային դեպարտամենտի ներկայացուցչի հետ, նույնիսկ փոքրիկ սիրախաղ է ունենում այդ կնոջ հետ: Բայց ռեժիսորը խնդրի առաջ է կանգնում, որովհետեւ ոչ բոլոր թեմաներն են ընդունելի իսրայելական կառավարության համար, եւ ինքը պետք է փաստաթուղթ ստորագրի, որ ֆիլմը լինելու է իրենց կողմից հաստատված թեմաների շրջանակում:

Իսրայելցի ռեժիսորն ասում է, որ երբ գրում էր «Ահեդի ծունկը» ֆիլմի սցենարը, իր երկրում գրաքննության գագաթնակետն էր, բայց ֆիլմն, այնուամենայիվ, ծնվեց:

«Ոսկե ծիրանի» շրջանակում կոնֆլիկտների թեմաներով եւ պատերազմին առնչվող այլ ֆիլմեր էլ կան, ինչը բնական է, որովհետեւ մղձավանջային իրականությունը չի կարող իր պրոյեկտումը չունենալ արվեստի վրա: Իհարկե, ինչպես Լապիդն է ասում, թող պատերազմները լինեն էկրանին, բայց նոր վերաբաժանումներ ենթադրող աշխարհում միշտ չէ, որ երազանքներն իրականանում են. 21-րդ դարում Բաքվից Հայաստան վերադարձող ինքնաթիռը բերում է ոչ թե գերիների, այլ գլխատված ու խոշտանգված մարմիններ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Նադավ Լապիդի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
07.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031