Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերն Օշականում

Հոկտեմբեր 08,2021 13:00

Օշականը Հայաստանի ամենանշանավոր գյուղերից է: Այստեղ է ամփոփված հայոց գրերի գյուտի հեղինակ՝ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, ում գերեզմանի վրա 442-443 թթ. Վահան Ամատունին կառուցել է բազիլիկատիպ դամբարան-եկեղեցի։ Ինչպես պատմիչ Կորյունն է գրել, այն սքանչելի տաճար էր տաշած եւ քանդակված քարերով: Եվ սուրբ Մեսրոպի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվել է հատուկ տոն նրա հիշատակին ու գերեզմանը դարձել է ուխտատեղի: Ներկայումս դամբարանը գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ, որը ուղղանկյուն թաղածածկ խուց է՝ արեւելյան կողմից խորշով:

Թ. Թորամանյանը ենթադրել է, որ եկեղեցին վերանորոգվել է 10-րդ դարում: Այս առումով կարծում ենք, որ 970-ական թթ. երկրաշարժը, որը կործանել էր Զվարթնոցը, ավերել է նաեւ Օշականի եկեղեցին: Ի դեպ, այդ երկրաշարժից վնասվել էին Երեւանի, Այգեշատի, Արուճի, Թալինի եւ այլ բնակավայրերի եկեղեցիները:

Հետագայում՝ 17-րդ դարում, պատմիչ Առաքել Դավրիժեցին հիշատակում է եկեղեցին՝ որպես քանդված եւ խարխլված. «Այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ»։ Պատմիչը վկայում է, որ ս. Մեսրոպի գերեզմանի եկեղեցու վերանորոգությունը սկսվել է 1639 թ. եւ ավարտվել՝ 1645թ., Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի կողմից:
Շուրջ 200 տարի հետո, եկեղեցին վնասվել է 1840թ. Արարատյան երկրաշարժից. «Յօշականու սուրբ Մեսրովբ եկեղեցւոյ հարաւային կուսէ յորմոյն անվնաս տեղւոջ մինչեւ ցտասն եւ հինգ գազաչափ լայնութեամբ ի վերուստ անկեալ է»:

Հին Օշական

1850թ. Ներսես Աշտարակեցին կոնդակով ցանկություն է հայտնել Սինոդին՝ եկեղեցին նորոգելու մասին, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: 1860-ական թթ. եկեղեցին անմխիթար դրության մեջ տեսել է Միքայել Նալբանդյանը եւ իր հայտնի «Օշական» բանաստեղծությունում գրել է.

«Որ ազգին գիր պարգեւեց, կյանք տվեց հայոց լեզվին,
Ազգը նորա զլացավ գիր ընծայել անշուք շիրմին»:

Ներկա եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1875-1879 թթ. Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից: Նոր եկեղեցին միանավ, թաղածածկ` երեք թաղակիր կամարներով հագեցված, դահլիճատիպ, գլխավոր խորանի երկու կողմերում ավանդատներով կառույց է: Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային եւ արեւմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:
Օշականը բազմիցս ենթարկվել է ահագնասաստ երկրաշարժերի ներգործությանը: Այն ավերվել է 1176թ.՝ Կոշի, 1264թ.՝ Ուշիի, 1679թ.՝ Գառնիի, 1827թ.՝ Ծաղկաձորի, 1840թ.՝ Արարատյան եւ այլ երկրաշարժերից:

1910թ. հունվարին Օշականից գրվել է. «Յունվարի 12-ին, առաւօտեան 4 ժամ 12 րոպէին զգացւեց շատ զօրեղ երկրաշարժ: Բնակիչները մի ուրիշ այդպիսի երկրաշարժ չեն յիշում»: Մամուլում նշվել է նաեւ Օշականում 1913թ. փետրվարի 19-ին կայացած սաստիկ երկրաշարժը. «Առաւօտեան մօտ ժամի 10-ին զգացւեց գետնի ուժեղ տատանումն. մի քանի գիւղերում վնասներ կան»:

Օշականի մյուս՝ Մանկանոց եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում, նույնպես ավերվել էր երկրաշարժերից: Մինչ վերանորոգման աշխատանքները (1950թ.) եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում: Բացակայում էր վեղարը՝ գմբեթի հետ, թմբուկից պահպանվել էին միայն ստորին երկու շարքերը: Թափվել էին ճակատների պսակող քիվերը եւ երեսապատման քարերի զգալի մասը: Խարխալված վիճակում էին հիմնաստիճանները, շքամուտքը եւ պատերի ստորին շարքերը:

Մանկանոց Սբ. Սիոնը խաչաձեւ գմբեթավոր փոքր եկեղեցի է, կառուցված վարդագույն սրբատաշ տուֆից: Հարավային խաչաթեւի հարավային ու արեւելյան ճակատներում, ինչպես նաեւ մուտքի բարավորի վրա կան նվիրատվական արձանագրություններ, որոնց մեջ եկեղեցին հիշատակվում է Սբ Սիոն: Նրա մոտ կանգնեցված է Մորիկ կայսեր սյունը:

Տարբեր երկրաշարժերից վնասվել են նաեւ Քասախի կիրճի Սբ Սարգիս եւ Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Թուխ Մանուկ, Թադեւոս Առաքյալ մատուռները, կամուրջը եւ այլ շինություններ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

«Առավոտ» օրաթերթ
07.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031