Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն ձեր շնորհիվ է, որ մեր վիրավոր հայրենիքը դեռ կանգուն է…

Հոկտեմբեր 08,2021 12:30

Անցած ամիսները ցույց տվեցին, որ մեզ համար հրաշքներ չեն կարող լինել եւ մեր փրկության միակ ճանապարհը երկրի ներսում առկա տարաձայնությունների հարթումն ու մեկ միասնական ուղու վրա կանգնելն է:

Հայրենիքի նկատմամբ անսահման սերը մեր հերոսներին պարտադրեց անավարտ թողնել իրենց երկրային կյանքը եւ ժամանակից շուտ ոտք դնել երկնքի մշտական դրախտավայր՝ Տիրոջ կողքին: Մի տխրեք մեր առյուծ հերոսներ, դուք շատ բախտավոր եք, քանզի ձեր այցելությամբ դուք փառավորեցիք Տիրոջ հոգին եւ նրա օրհնությամբ ձեր պատգամները՝ որպես մեր հետագա կյանքի ճիշտ ապրելու ուղեցույց, սփռեցիք երկիր, որպեսզի հատկապես հայրենիքի հետ կապված հարցերում, մեզ զերծ պահեք հետագա սխալներից: Մենք պարտավոր ենք սրբորեն փայփայել այդ ուղեցույցը, դույզն անգամ չշեղվել նրանից եւ անվարան կերպով կատարել նրանում տեղ գտած պատվիրանները: Միայն այդ դեպքում, ձեր հանդեպ որպես խոնարհումի արգասիք, մենք չնչին չափով իրագործած կլինենք ձեր երազանքների մի փոքրիկ մասը: Այսօր ոչ թե ձեր մահվան, այլ հայրենիքի նկատմամբ ձեր անմնացորդ սիրո արտահայտման առաջին տարվա տարելիցն է, որից ավելի մեծ հպարտություն մեր ժողովրդի համար գոյություն չունի:

Հերոսների մասին խոսքը վերջ չունի, այն ճիշտ կյանքի չափ երկար է, այնպես որ, ինչպես ասում է մեծն Շեքսպիրը, մնացյալը՝ լռություն… Միայն ձեր տեսակի շնորհիվ հնարավոր կլինի հետ բերել մեր ահռելի կորուստները եւ կանգուն պահել մեր հայրենիքը: Հավերժ փառք ու խոնարհում ձեզ: Իսկ մենք՝ ապրողներս, ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս շարունակենք ձեր կիսատ թողած գործը, որ հայրենիքը հանկարծ չընկնի, չկորցնենք մեր պետությունն ու պետականությունը, չորբացնենք մեր ժողովրդին: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրի գլխին ճակատագրական վտանգներ են կախված եւ փոքրիկ սխալներն անգամ կարող են որոշիչ դառնալ մեր հետագա բազմաթիվ հարցերում: Արցախի 75 տոկոսից ավելին կորցրինք, իսկ թե ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ, իհարկե՝ ոչ ամբողջական, բայց մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ որոշակի չափով տեղեկացված են համարյա բոլորը:

Ցավոք, կարելի է ասել, որ ըստ այդ տեղեկատվության, ներկա պահին մեզ ուրախացնող համարյա ոչինչ չկա, եղած ամեն ինչը մեր դեմ է աշխատում: Նստել, սպասել չենք կարող եւ պարտադրաբար առաջանում է հարցերի հարցը. ի՞նչ անել: Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ այս հարցին պետք է եւ կարող է պատասխանել միայն ժողովուրդը, որի կողմից եւս, ցավոք, ոչ մի կոնկրետ շարժ չի զգացվում:

Առաջանում է նաեւ հաջորդ հարցը. իսկ մեր ժողովուրդն այսօր պատրա՞ստ է պատասխանել դրան: Իհարկե՝ ոչ: Մեր ժողովուրդն այսօր բաժանված է երկու հիմնական մասի՝ նախկին եւ ներկա կամ սեւ ու սպիտակ, ովքեր՝ ինչպես իշխանությունն ու ընդդիմությունը, ատում են միմյանց: Նման ժողովրդով ինչպե՞ս կարող ենք փրկել այս իրավիճակում գտնվող Հայաստանը, որը բոլոր բնագավառներում համարյա ջախջախված վիճակում է, իսկ հաղթանակած Ադրբեջան-Թուրքիա տանդեմն օգտվելով մեր խարխլված վիճակից, լրիվ լկտիացել եւ բազմաթիվ ուղղություններով ակտիվորեն սեղմում է մեր վզին հագցրած օղակը, բացահայտ ակնարկելով ընդհուպ Երեւանի գրավման մասին: Այլ խոսքով, պետք է մի կողմ թողնել անհասկանալի անձնական ամբիցիաները, միակամվել ու միահամուռ ուժերով փորձել դիմակայել թշնամուն՝ առաջին հերթին նրանց դուրս շպրտելով Հայաստանի տարածքներից եւ նրան ի ցույց դնելով մեր միասնականությունը, ինչպես նաեւ փորձել իջեցնել նրա բարձր պահած գլուխը ու պարտադրել մեզ հետ խոսել՝ ինչպես հավասարը հավասարի հետ, շատ էլ, որ հաղթել են վերջին պատերազմում: Եթե այս պարզունակ բանը մեր ժողովուրդը չի հասկանում, ապա թող նայի երկինք, որտեղից մեր հերոսների հպարտ հայացքները պարզորոշ կհուշեն. վերը ասվածն է միայն մեր փրկության միակ ճանապարհը եւ այն չիրագործելու դեպքում, մենք ունենալու ենք լուրջ ու անդառնալի կորուստներ: Լավ, մի՞թե մենք այնքան ենք կորցրել մեր իրատեսությունն ու հպարտությունը, որ պատրաստ ենք արհամարհել անգամ մեր հերոսների պատգամը եւ մեր սուրբ երկիրը վերածել թուրքական վիլայեթի ու շարունակել «ապրել» նրանց քմահաճույքների ներքո: Կասկածից վեր եւ աքսիոմա է այն իրողությունը, որ հազար անգամ ավելի գերադասելի է աշխարհի վրայից վերանա վերջին հայը, քան մենք ապրենք նման կարգավիճակում:

Քանի դեռ չենք հասել վերջին կանգառին եւ գոնե իրավիճակը՝ գույները չեմ խտացնում, փրկելու տեսական հնարավորություն դեռ կա, եկեք հիշենք մեր ժողովրդի անցած դժվար ճանապարհը, մեր նախնիների, մեր հերոսների պատգամները եւ մի վերջին ճիգի գործադրմամբ փորձենք միակամվել, հիմքում դնենք հայրենիքի շահը ու փորձենք վերսկսել հային հարիր հաղթարշավը, անցյալի՝ հատկապես արցախյան պատերազմի վերջին արարը մեզ համար դարձնելով լոկ դառը եւ զգոնացնող հիշողություն:

Իսկ հաջողությունը մեզ կուղեկցի մի դեպքում միայն, եթե այդ ճանապարհին մենք ապավինենք Տիրոջը եւ փորձենք անվրեպ իրականացնել մեր հերոսների անավարտ պատգամը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031