Սկիզբը՝ այստեղ:
Ինչո՞ւ Մոսկվան չի հակադարձում Էրդողանին ու Ալիեւին, նշելով, որ ՌԴ-ի ռազմավարական դաշնակից Հայաստանի ինքնիշխան պետության տարածքում չեն կարող լինել «միջանցքներ»
Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին: Տարբեր փորձագետներ չեն բացառում բախումը: Նման իրավիճակում, սակայն, պարզ է, որ կարեւոր է լինելու գերտերությունների դիրքորոշումը: Մեր տարածաշրջանում դարձյալ լարվածության փուլ է, եւ կարեւոր է՝ թե ինչպիսին է լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը:
Իսկ պաշտոնական Մոսկվան վերջին մի քանի օրերին, երբ րոպեների-ժամերի տարբերությամբ Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության տարափ էր՝ դարձյալ «խորհրդավոր» լռություն էր պահպանում: Բայց չէ՞ որ հնարավոր նոր պայթյունը 44-օրյա պատերազմից մեկ տարի անց արդեն Հայաստանի անվտանգության հետ է կապված…
Կարդացեք նաև
Ավելին, պարզվում է Հայաստանի համար կենսական՝ կոմունիկացիաների նշանակությունն ու արժեքը Իրանն ավելի հստակ է պատկերացնում, քան Մոսկվան, որը երբեք, որպես նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի երաշխավոր, այդպես էլ չի հակադարձում Էրդողանին ու Ալիեւին, հայտարարելով, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի ինքնիշխան պետության տարածքում չեն կարող լինել «միջանցքներ»: Ընդհանրապես հետաքրքիր է, նոյեմբերի 10-ի փաստաթղթի երաշխավոր Մոսկվան ինչո՞ւ է այս մասին լռում, դիրքորոշում չունի՞: Թե՞ կսպասեն Էրդողանի ու Ալիեւի դիրքորոշման «մեղմացմանը», եթե նրանք հայտարարեն, որ համաձայն են, որ Մոսկվան վերահսկի այդ «միջանցքը…»:
Իսկ այսօր, բանը հասել է նրան, որ Թեհրանն է արդեն ստիպված հրապարակավ Մոսկվային սթափության կոչ անում: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի եւ ընկալունակ կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», հոկտեմբերի 5-ին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Այսինքն, պաշտոնական Թեհրանը հիշեցնում է Մոսկվային, որ պարտավոր են դիրքորոշում հայտնել իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանի ինքնիշխան տարածքում «սահմանների փոփոխության» վերաբերյալ:
Իրանի կողմից սաստող ու բավական կոշտ ուղերձների ֆոնին ընդգծվեց նաեւ, որ Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա: «Արդյունավետ եւ կառուցողական», Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այսպես է բնութագրել իր հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ օրերս Թեհրանում կայացած բանակցությունները։
Աբդոլլահիանը բանակցությունների ընթացքում կոչ է արել արագացնել երկու երկրները կապող տարանցիկ ուղիների վերականգնումը։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ` նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ռազմավարական բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել եւ այժմ զբաղված են երկկողմ համագործակցության նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ։ «Քաղաքականից բացի, մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունները զարգացնել նաեւ տնտեսության, առեւտրի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում», նշել է Իրանի ԱԳ նախարարը՝ հատուկ ընդգծելով. «Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»։
Իսկ ի՞նչ դիրքորոշում պետք է հայտնի պաշտոնական Մոսկվան՝ Իրանի կողմից բավական հստակ հայտարարությունների ֆոնին, երբ Թեհրանը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տարածաշրջան են բերվել վարձկան ահաբեկիչներ ու անկարկում են, որ վստահ չեն, որ նրանք հեռացել են: Պատերազմի օրերին մի ռուս բարձրաստիճան պաշտոնյա էլ այս մասին խոսեց, բայց հետո ռուսական քաղաքական էլիտան նախընտրեց լռել, իսկ ռուսաստանցի խմբագիրները, լրագրողական ու փորձագիտական շրջանակները, սյունակագիրները որոշեցին շարունակել ադրբեջանական «խավիարա-լոլիկային» քաղաքականության շրջանակներում «աշխատավարձերը» ստանալ ու «խելոք մտքեր» արտահայտել ռուսաստանյան պետական հեռուստաալիքների տաղավարներում, «առաջադեմ» տելեգրամավարներն էլ՝ իրենց ալիքներում, հանդես գալով իբր «հայերի բարեկամ», բայց Հայաստան պետությունն ու ՀՀ քաղաքացիներին շարունակ ստորացնելով, ադրբեջանական դիրքորոշում կրկնելով: Այսօր նրանցից ոմանք, ի դեպ, այնքան են «տարերքի» մեջ ընկել, որ արդեն 44-օրյա պատերազմը սկսելու մեջ Հայաստանին են մատնանշում: Սա է կատարվում Ռուսաստանում՝ Պուտինի «խորիմաստ» լռության պայմաններում:
Ինչեւէ, երբ մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ փորձագետները փորձում էին հասկանալ, թե Իրան-Ադրբեջան հնարավոր բախումից 5 րոպե պակաս ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի բանակցությունները: Ինչպես հայտնում էր ՌԴ ԱԳՆ-ն, ԱԳՆ ղեկավարները «կստուգեն ժամացույցները» տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների, այդ թվում` Կասպից ծովում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, Լիբանանում եւ մերձարեւելյան կարգավորման վիճակի շուրջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ուղղված Իրանի մեղադրանքներին, ապա Բաքվից հնչող հայտարարությունները խիստ «ուշագրավ» էին… Բաքվից, բնականաբար, հերքում են Թեհրանի մեղադրանքները: «Նման պնդումները բացարձակապես անհիմն են»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։ «Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում բարեկամական Իրանը այդպես էլ նույնքան վճռականորեն չդատապարտեց մեր սահմանների օկուպացիան»,- ասել է Աբդուլաեւան։ Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Թեհրանից հնչող հայտարարությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանցի այաթոլահների պատկերացումները օտարերկրյա ռազմական ներկայության մասին շատ յուրահատուկ են։ Արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն օտար չեն։ Կամ հայկական ուժերը, որ 25 տարուց ավելի օկուպացնում էին ադրբեջանական տարածքները, օտարերկրյա՞ էին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, մոլլապետության արտահայտած կարծիքներում տրամաբանություն որոնելն անիմաստ զբաղմունք է»։ «Իրանը մտահոգված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից հսկվող եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի անվտանգությամբ», գրել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ ստեղծված իրավիճակը բնութագրելով որպես «քաղաքական սյուրռեալիզմ»։
Թուրքիայի օգնությամբ Ադրբեջան բերված վարձկան-ահաբեկիչների զորքերի առկայությունը, փաստորեն, Բաքվում նույն նժարի վրա են դնում ու համեմատում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերությունների համատեքստում դաշնակցային պարտավորությունների հետ: Թերեւս, դա է պատճառը, որ Ադրբեջանին Ռուսաստանի թողտվությամբ տրվեց «դաբրո» թուրքական բանակի չափանիշներով ստորաբաժանումներ ունենալ, իսկ Էրդողանը Պուտինին որոշեց ցույց տալ, թե ով է տարածաշրջանի հիմնական խաղացողը՝ Շուշի այցելելով, իսկ առաջիկայում էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը:
Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրան այցելության շրջանակներում «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կարեւոր արձանագրում է արել. «Տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը եւ ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը: Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության եւ փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլեւ կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի»: Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ նաեւ փաստել է. «Հայաստանը հայտարարել եւ հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որեւէ բառ, որեւէ պայմանավորվածություն չի եղել։ Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»։
Այնուամենայնիվ, փաստենք, որ պաշտոնական Բաքուն բացահայտ շարունակում է Իրանի հետ լարվածությունն էլ ավելի սրելու գիծը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս Ջաբրայիլ կատարած այցի ընթացքում ուղղակի սպառնաց, թե՝ «թող ոչ մեկը քիթը չխոթի մեր գործերի մեջ», «անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա» եւ այլն: Ալիեւն Իրանի ղեկավարությանը մեղադրեց զրպարտության մեջ եւ ուշագրավն այն է, որ այս խոսքերը նա հնչեցրեց՝ նպատակ ունենալով Իրանին ավելի նյարդայնացնել՝ լրացուցիչ «ատրիբուտներով». Ալիեւը Ջաբրայիլում զորամասի բացմանը, ինչպես երեւում էր համացանցում հայտնված տեսանյութերում, լիաթոք ժպտալով, բառի բուն իմաստով՝ շոյում էր իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 07.10.2021