Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է այն թեզն էլ առաջ տանեն, որ եթե նույնիսկ պատվաստվածի կողքին ես կանգնած, կարող է չբեր դառնաս…Մառազմի են հասցրել». ԱՆ պարզաբանումը

Հոկտեմբեր 07,2021 23:23

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Ազատ կամք» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել՝ «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով:

Բժիշկ վարակաբան Դմիտրի Հարությունյանը հանրահավաքի իր ելույթում հայտարարեց. «Հենց հիմա Հայաստանում կան մարդիկ, որոնք մահացել են պատվաստումների հետեւանքով: Կան մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ՝ պատվաստումների հետեւանքով ու մարդիկ, որոնք հիվանդացել են ծանր կորոնավիրուսով՝ պատվաստումից հետո: Սա ջարդում է այն թեզը, թե պատվաստումը ձեզ փրկելու է ծանր դեպքերով հիվանդանալուց»:

Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց առողջապահության նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես պաշտոնապես ասում եմ, որ պատվաստանյութի հետ պատճառահետեւանքային կապ որեւէ մահացած մարդու, որը պատվաստված է եղել, չկա: Դա՝ միանշանակ»:

Դմիտրի Հարությունյանը նախարարության փաստարկներն էր հրապարակել ու հերքել. «Սուտ համար 1` պատվաստմանը չկա այլընտրանք: Դուք գիտեք, որ նույնիսկ ամենավատ վիճակում մարդիկ ունեն 2 ելք»: Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Հա, երեւի առաջարկում են հիվանդանալ եւ մահանա՞լ: Չգիտեմ: Մեր քաղաքականությունը ամբողջ աշխարհն է տանում, հիմա իրականում այլ տարբերակ, բացի պատվաստվելն ու եւս մեկ պաշտպանիչ շերտ նաեւ դիմակ կրելը, չկա: Եթե ամբողջ աշխարհը չի գտել…ինձ թվում է, դե մենք միշտ փայլել ենք մեր գիտական մտքով, թող առաջարկեն՝ մենք էլ դիտարկենք: Ի՞նչ են առաջարկում»:

Այն, որ պատվաստումից հետո կան կորոնավիրուսով ծանր հիվանդացածներ, այսինքն, ջարդվում է այն թեզը, որ մարդիկ կփրկվեն ու ծանր չեն տանի՝ վարակաբանը նույնպես սուտ էր որակել: Նախարարի մամուլի քարտուղարը արձագանքեց. «Մենք ասում ենք, որ պատվաստանյութը նախ չի ապահովագրում հիվանդանալուց: Պատվաստանյութի հիմնական նպատակը հենց ծայրահեղ ծանր, մահացու դեպքերի կանխարգելումն է»: Հարցին՝ բայց դա չի՞ նշանակում, որ չեն լինի դեպքեր, երբ մարդիկ ծանր կհիվանդանան՝ նա պատասխանեց. «Իհարկե: COVID կլինիկայի բժիշկներն իրենց ամբողջ օրն անցկացնում են հիվանդների հետ, իրենցից լավ ու իրենցից շատ թող ոչ ոք իր տանը բազմոցին նստած ինչ-որ մտքեր կամ թեզեր չառաջարկի: Թող իրենք էլ կանգնեն այն բժշկի կողքին, ով ամեն վայրկյան կյանքի համար է պայքարում, ով առավոտ ստուգում է հիվանդը լավ է, մինչեւ բաժանմունքի ավարտ հետ է գալիս, իմանում է՝ այդ «լավ» հիվանդը արդեն չկա: Թող այդ մարդկանց փոխարեն իրենք թեզեր կամ «մոտեցումներ» չառաջարկեն: Կանգնեք բժշկի կողքին, օգնեք ոտքի կանգնեցնել COVID-ով հիվանդին եւ առնվազն համակարծիք լինել համաշխարհային գիտական մտքին»:

Վարակաբան Դմտրի Հարությունյանը կոչ էր արել. «Հանկարծ ոչ ոք չպատվաստվի, մանավանդ՝ երիտասարդները, բոլոր բարձր հարթակներից ձեզ տանում են սպանդի»: Ըստ նրա, ոչինչ չգիտենք, թե ինչպես պատվաստանյութը կազդի վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Մենք հրապարակելու ենք տեսանյութեր, որտեղ երկու չափաբաժին ստացած եւ դրանից հետո հղիացած կանայք են խոսելու՝ մեդիաարշավի շրջանակում: Դե թող դրանից հետո ասեն վերարտադրողական առողջության վրա ազդում է: Մեկ էլ կարող է այն թեզն էլ առաջ տանեն, որ եթե նույնիսկ պատվաստվածի կողքին ես կանգնած, կարող է չբեր դառնաս, դա էլ են ասում արդեն մարդիկ: Չգիտես՝ ծիծաղես, թե ինչ անես, մառազմի են հասցրել»:

Նախարարի մամուլի խոսնակը թվեր հրապարակեց. Լիարժեք պատվաստված՝ պատվաստանյութի 2 չափաբաժին ստացած եւ հղիացած 15 կին ունենք, եւ առաջին չափաբաժինը ստացած եւ դրանից հետո հղիացած 23 կին կա Հայաստանում. «Իրենք որեւէ փաստ բերո՞ւմ են: Ի՞նչ են առաջարկում»:

Երբ փոխանցեցինք, որ հանրահավաքին բժիշկներն ասում էին՝ մենք փորձադաշտ չենք, պատվաստանյութը նոր է, պետք է 5 տարվա փորձաշրջան անցներ, նոր զանգվածային պատվաստեին՝ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Հա, ամբողջ Եվրոպան չվախեցավ հանկարծ փորձադաշտ լինել, այդ որ միշտ աչքներդ Եվրոպային էր, ամեն հարցում Եվրոպան էին օրինակ բերում, բա այդ հարցում ինչո՞ւ Եվրոպան օրինակ չի իրենց համար: Առաջինը Եվրոպան է՝ քաղաքակիրթ աշխարհն է պատվաստվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031