Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ոստիկանապետի մոտ հրավիրել «Թասիբով դաշինք»-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուին

Հոկտեմբեր 07,2021 21:45

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանին երեկ հրավիրել են ոստիկանություն՝ ոստիկանապետի մոտ, խնդրելով հեռու մնալ իշխող կուսակցության՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Կարապետ Պողոսյանը։

Վերջինիս ներկայացմամբ, ինքը ցանկություն էր հայտնել սուրճ խմել Հովհաննես Հարությունյանի հետ ու նրան հարց ուղղել՝ ինչո՞ւ է ուզում մարզպետից դառնալ քաղաքապետ։

Aravot.am-ին տեսանկարահանմամբ տված հարցազրույցում Կարապետ Պողոսյանը, ցույց տալով կոնֆետները, որը գնել էր մարզպետի հետ հանդիպելու ու սրճելու ակնկալիքով՝ ասաց․

«Մենք փորձեցինք նոր քաղաքական մշակույթ մտցնել քաղաքական դաշտում, փորձել էի կապ հաստատել Հովհաննես Հարությունյանի հետ ու առաջարկել սուրճի շուրջ քննարկում։ Իմ համար շատ տարօրինակ է․ ինքը լինելով մարզպետ՝ ինչո՞ւ է ուզում դառնալ քաղաքապետ, այդ հարցի պատասխանը ես ոչ մի տեղից չեմ ստացել։ Ինձ հետաքրքիր էր լսել իր ծրագրերը, գաղափարները, նստել, խոսել սուրճի սեղանի շուրջ, գուցե մարդը շատ լավ քաղաքապետ լինի, մենք ինքնաբացարկ ներկայացնե՞նք։

Իր տված բացատրություններից մեկը լսել եմ, որը շանտաժ էր, ոչ թե բացատրություն, ինքն ասում էր՝ ներկայիս իշխանությունները դեմքով շրջվել են դեպի Գյումրի և իմ քաղաքապետ լինելու դեպքում, մենք էստեղ կարողանալու ենք ավելի լավ ծրագրեր անել։ Այսինքն, հարգելի երիտասարդ, եթե դու չդառնաս քաղաքապետ, իշխանությունը դեմքը հակառակ ուղղությամբ պիտի դարձնի՞ Գյումրիից։

Սա ի՞նչ է նշանակում, Գյումրիին լավ կնայենք, եթե մեր ուզած քաղաքապետը լինի»։

Կարապետ Պողոսյանի պատմելով, իր ցանկությունն էր նայել թեկնածուի աչքերի մեջ ու մի քանի հարց տալ։ Նրա մեկնաբանմամբ, քաղաքականությունը բանավեճ է, հատկապես երբ ինքը քաղաքակիրթ ու կառուցողական բանավեճի էր հրավիրում։

Հովհաննես Հարությունյանը, ըստ Կարապետ Պողոսյանի, իր հեռախոսազանգերին չի պատասխանել, փոխարենը իրեն էլ հրավիրել են ոստիկանություն ու  խնդրել  հեռու մնալ ՔՊ-ի թեկնածուից։

Մեզ այս թեմայի շուրջ չհաջողվեց զրուցել Հովհաննես Հարությունյանի հետ, նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, սակայն, կփորձենք լսել նրան ևս։

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հետևյալ պաշտոնական պարզաբանումն ուղարկեցին․ «Ոստիկանություն հրավիրվել է ոչ միայն Կարապետ Պողոսյանը, այլև ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ անձինք, համայնքի ղեկավարներ, որոնց հետ քննարկվել են նախընտրական և ընտրական գործընթացների հետ կապված հարցեր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարապետ Պողոսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ

    Սա այս նյութի երրորդ պարբերությունն է>

    Aravot.am-ին տեսանկարահանմամբ տված հարցազրույցում Կարապետ Պողոսյանը, ցույց տալով կոնֆետները, որը գնել էր մարզպետի հետ հանդիպելու ու սրճելու ակնկալիքով, ցույց տվեց ու ասաց․

    ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ????????????????????????????????????????????????????

    ուտելով՝ կերավ
    Սպանելով՝ սպանեց,
    Քնելով՝ քնեց,
    Խմելով՝ խմեց,
    Վազելով՝ վազեց,
    Սխալվելով՝ սխալվեց:

    Ըստ ձեզ սրանք հայերեն ե՞ն:

  2. Նարեկ says:

    ԱՌԱՎՈՏ ջան

    Այս որակը շատ-շատ-շատ եմ սիրում: Դիմացինին լսել ու սեփական բացը ընդունել գիտեք: Բայց ասեմ, որ սա չի վերաբերում ձեր բոլոր աշխատակիցներին: Հեղինակներ կան, որ կռիվ են սարքում, երբ իրենց գրածի տակ հակառակ կարծիք ես գրում: Հիմա ես այդ հեղինակների նյութերից հեռու եմ մնում: Կարող եմ անգամ մի երկու անուն ասել՝ Նելլի Բաբայան եւ Էմմա Գաբրիելյան: Հակառակ տեսակետ լսել չգիտեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031