«Դիլետանտների մի խումբ, որին բերեցին իշխանության, ձախողել է երկրի կառավարումը բոլոր ոլորտներում: Միգուցե մարդկանց մի մասն ասում է՝ դավաճան են սրանք, մյուսները՝ թշնամի են, երրորդները՝ վատ կառավարիչ են, բայց պատասխանատվությունից չեն ազատվում դրանով: Ձախողեցին ռազմի դաշտում, ձախողել են այն ոլորտները, որոնք վերաբերում են մեր ընտանիքի անդամներին, տարրական կրթություն չունեն»,- այսօր «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով հանրահավաքի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նա ասաց, որ առողջապահության նախարարի որոշման մեջ պարզվում է՝ ուսանողները ազատվում են թեստ հանձնելուց, որովհետեւ վճարունակ չեն ու կարող են իջնել փողոց՝ ցույց անել. «Սա է սրանց որոշումների արդյունքը: Նույն մարդուն մի ստատուսով պարտադրում են, մյուսով՝ ազատում են: Մենք, ցավոք, կորուստներ ունենալու ենք մեր մտերիմների, հարազատների, որովհետեւ անտարբեր ենք: Անտարբերությունից մինչեւ մահ կես քայլ է: Մեզանից յուրաքանչյուրի դուռը բախելու է՝ ինչպես պատերազմը բախեց: 3 տարի առաջ ասում էինք՝ դիլետանտների խմբին մի՛ թող իշխանության, վերջը կորուստ ու ցավ է…Արթնացի՛ր, հայ մարդ»:
Բժիշկ, ողնաշարաբան Տիգրան Գրիգորյանն էլ իր ելույթում խոսեց ՊՇՌ թեստերի գերշահույթներից. «Պատգամավորները, կառավարության մարմինները, նախարարները կարող են ոչ ՊՇՌ թեստ հանձնել, ոչ պատվաստվել: Ձեւավորված է խտրական մոտեցում, առանձնացված էլիտա ու խեղճուկրակ ժողովուրդ, որը պարտավոր է կատարել էլիտայի հրամանները: Ի՞նչ արդարության, ի՞նչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք լինել մի հասարակության մեջ, երբ կա խտրական այսպիսի վերաբերմունք: Մինչեւ հիմա 15-20 հազար դրամով ՀՀ-ում կատարվել է հարյուր հազարավոր ՊՇՌ թեստավորումներ: ՊՇՌ թեստերի իրական գնի մասին որեւէ մեկը չի ուզում խոսել: Սա սոցիալ-տնտեսական ֆաշիզմ է պարունակում…Ինչ կատարվում է այս երկրում զարմանալիորեն միշտ դեմ է մեր պետականությանը, մեր հասարակությանը: Նույնիսկ վախենում եմ արդեն վերեւ նայել, որովհետեւ Ալիեւի եւ Էրդողանի հոգին կարող է ճախրել հանկարծ մեր վերեւում՝ երեկվանից սկսած»:
Նա հորդորեց պայքարել ցանկացած բռնության դեմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ