Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը, հետեւում են, թե սոցցանցերում բժիշկները որ գրառման տակ են լայք դնում, հալածում են». Սամվել Գրիգորյան

Հոկտեմբեր 07,2021 20:45
bjishk

«Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով այսօր «Ազատ Կամք» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Սամվել Գրիգորյանն իր ելույթում հիշեցրեց, որ կառավարությունը կորոնավիրուսից մահացածների դիահերձման վրա մեկուկես տարի արգելք էր դրել, մինչդեռ ԱՀԿ-ն ցուցումներ ուներ՝ ինչպե՞ս անել, որ դա լինի անվտանգ:

Ըստ Գրիգորյանի, առողջապահության նախարարությունը հալածում է այն բժիշկներին, որոնք այլ կարծիք ունեն պատվաստման մասին. «Հալածել է այլակարծությունը, շարունակում է հալածել: Նախարարության մի ամբողջ բաժին հետեւում է, թե սոցցանցերում բժիշկները ինչ կարծիքներ են արտահայտում, ինչին են հավանում, որ գրառման տակ են լայք դնում ու հալածում են այդ բժիշկներին: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը: Ողջամտությունը լքել է մարդկանց: Նրանք ապատեղեկատվություն են տարածում ու լիարժեք տեղեկատվություն չեն տալիս նախարարությանը՝ այս հիվանդության դեմ իրական պայքարի մեխանիզմների մասին, բուժման, կանխարգելման»:

Սամվել Գրիգորյանն ասաց, որ առողջապահության նախարարը մինչ նման հրաման արձակելը, պետք է վստահությունը շահեր քաղաքացիների, ընդուներ իր սխալները. «Քանի՞ մարդ է տուգանվել՝ բացօթյա տարածքներում դիմակ չկրելու համար, հիմա պարզվեց՝ դա չունի բժշկական հիմնավորում: Մարդիկ իրենց հարազատի հոգեհանգիստը չէին կարողանում անցկացնել, դիահերձարանից դիակը ստացան, ուղիղ գնացին գերեզմանոց: Սրա համար ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ այս բարոյական վնասի համար»:

Ըստ Սամվել Գրիգորյանի, որեւէ քննադատության չի դիմանում այն որոշումը, որը պարտադրում է հիվանդացած ու առողջացած մարդկանց պատվաստվել. «Նախարարը ԱԺ-ում շահարկում էր,թ ե ասեք ինչպիսի հակամարմինների մակարդակ է, որ տեսնենք՝ մարդը դարձա՞վ կորոնավիրուսի համար անվտանգ: Սա ի՞նչ տրամաբանություն է, ո՞վ է նախարարի խորհրդատուն, որ այսպիսի խորհուրդ է տվել: Մարդու մոտ կա բջջային իմունիտետ, բազմաթիվ օրգան համակարգեր ու միայն հակամարմինների քանակով չես կարող դատողություն կատարել: Հետազոտություններ կան: Մեկ տարի մարդկանց հսկում ես, միլիոնավոր մարդկանց մեջ կրկնավարակի հատուկենտ դեպքեր են լինում, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարն ասում է՝ ամբողջական է դառնում իմունիտետը հիվանդացած մարդուն նորից պատվաստվելու դեպքում: Ինչ-որ մտքեր է արտահայտում, ընդհանրապես բժշկական որեւէ հիմնավորում չկա ասված այդ խոսքերի մեջ, դատարկ խոսքեր են, փուչիկներ: Չի՛ կարելի այդպիսի շահարկումներ անել ԱԺ-ում, պատկերացնո՞ւմ եք: Գոնե պատգամավորներից մեկը տարրական գիտելիքներ ունենար ու այս մասին երեսին ասեր: Սա լրիվ կազմակերպված օպերացիա է»:

Սամվել Գրիգորյանը հեգնեց. «Ուսանողներն ազատված են այս որոշումից: Պատկերացրեք, 20-25 տարեկան երիտասարդ են, մեկն ուսանող է, մյուսը՝ աշխատող, մեկը պատվաստված է, մյուսը՝ չէ, այսինքն, վիրուսը հարցնելու է՝ աշխատո՞ղ ես, թե՞ չէ, քեզ վարակե՞մ թե՞ չէ: Սա ի՞նչ է, առողջապահական մոտեցո՞ւմ: Շատ է շահարկվում մահերը: Չի կարելի  մասնավոր դեպքերով վախի մթնոլորտ ստեղծել ու դրդել ինչ-որ գործողությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031