Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնախաբեությո՞ւն, թե խաբեություն

Հոկտեմբեր 07,2021 20:03

Լայնորեն քննարկվում է պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հերթական վերլուծությունը։ Ուշադրությամբ լսեցի «Առավոտի»  լրագրող Աննա Իսրայելյանի հարցազրույցը Ժիրայր Լիպարիտյանի հետ։

Անկեղծ ասած, Ժիրայր Լիպարիտյանի խոսքերում որևէ նորություն չնկատեցի, որոնք թեկուզ մի փոքր տարբերվեին նրա նախորդ շրջանի մտքերից։ Ըստ էության Ժիրայր Լիպարիտյանի գաղափարախոսությունը հետևյալն է․ մենք հայերս փոքր ժողովուրդ ենք և ելնելով այդ հանգամանքից՝ չենք կարող մեր առջև մեծ խնդիրներ դնել։ Չէ՞ որ գոյություն ունի միջազգային հանրություն, որը աչալուրջ հետևում է ողջ աշխարհի անցուդարձին և պատժում անհնազանդներին։

Այժմ կուզենայի մի քանի հարցեր ուղղել պարոն Լիպարիտյանին.

1.Դուք հեգնում եք «ցանկություններով» (փափագներով) որևէ ժողովրդի ապրելակերպը։ Իհարկե, դա ձեր իրավունքն է։ Ինքս ձեռնպահ կմնայի ժողովրդի ցանկությունը հեգնելուց, բայց միաժամանակ ես չեմ ընդունում, երբ երկրի, պետության ղեկավարներն են շարժվում փափագներով։ Իմ համոզմամբ որևէ պետության պետական գործիչները պետք է ոչ թե շարժվեն փափագներով, այլ առաջնորդվեն հստակ, իրենց առջև դրված նպատակներով։ Արդ, պարոն Լիպարիտյանը, ով ժամանակին եղել է Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, արդյոք ունեցե՞լ է այդպիսի նպատակ, որի համար էլ ժամանակավոր հանգրվանել էր Հայաստանում։ Թե՞, նրա նպատակը եղել է միայն ազատագրված Արցախը նվիրել Ադրբեջանին։ Կամ գուցե պարոն Լիպարիտյանը կարծում է, որ հայ ժողովուրդն այնքան ողորմելի է, որ ի տարբերություն այլ ազգերի, իր առջև մեծ նպատակներ և այդ նպատակներին հասնելու ընդունակ չէ և ընդամենը արժանի է մի կերպ քարշ գալու, նվաստացած հզոր Թուրքիայի առջև։

2.Դուք, նույնպես հեգնանքով խոսում եք «ինքնախաբեության» մասին։ Պարոն Լիպարիտյան, եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, ապա ողջ արցախյան շարժումը եղել է ինքնախաբեություն։ Փաստորեն, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելով արցախյան շարժմանը՝ անձամբ է զբաղվել և ժողովրդին քարոզել է ինքնախաբեություն և այդ նույն ինքնախաբեության ալիքի վրա հասել իշխանության։ Դուք էլ, փաստորեն, լավ գիտակցելով, որ ողջ արցախյան շարժումը եղել է ինքնախաբեություն, եկել եք Հայաստան և զբաղեցրել բարձր պաշտոններ, ինքնախաբեությամբ զբաղվող իշխանության մեջ։ Այսպիսով հարցս հետևյալն է, Լևոն Տեր-Պետրոսյանը և դուք անձամբ , իսկապե՞ս զբաղվել եք ինքնախաբեությամբ, թե՞ ընդամենը՝ խաբեությամբ։

3.Դուք լինելով պատմաբան և դիվանագետ, պետք է քաջ գիտակցեք, որ «միջազգային հանրություն», որպես այդպիսի համասեռ, կուռ կառույց գոյություն չունի։ Չէ՞ որ և միջազգային տարբեր կառույցները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և միջազգային հանրությունը, կազմված է տարբեր շահեր և նպատակներ հետապնդող ուժերից, որոնք որպես կանոն, հիմնականում միմյանց հակասում են։ Ելնելով այս հանգամանքից, հստակ ազգային նպատակ ունեցող երկրները օգտվում են այս հակասություններից, միջազգային հանրության առաջնային խաղացողների մեջ գտնում համախոհներ և դաշնակիցներ, համատեղում ընդհանուր շահերը և ի վերջո հասնում նպատակին։ Կարծում եմ, որպես պատմաբան և դիվանագետ, դուք պետք է նման բազմաթիվ օրինակներ իմանաք, այդ իսկ պատճառով ինքս նման օրինակներ չեմ  նշում։ Իսկ եթե, իսկապես , այդ նույն միջազգային հանրությունը, չնայած ներքին հակասություններին, դառնում է միակամ և ընդդեմ որևէ երկրի հարցում, ըստ ձեզ՝ Հայաստանի, ինչպես 1996թ․ Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, ապա այն մեկ բացատրություն ունի՝ ապաշնորհ քաղաքականություն և դիվանագիտություն, ուրիշ ոչինչ։

4.Դուք հեգնում եք նաև այն հանգամանքը, որ որևէ երկիր չէր ճանաչել և չի էլ պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկապես, երկաթյա տրամաբանություն։ Հարգելի պարոն Լիպարիտյան, ձեր կարծիքով, որևէ երկիր երբևէ կճանաչե՞ր արդյոք Արցախի անկախությունը, եթե Արցախի անվտանգության միակ երաշխավոր, առաջին հայկական պետություն Հայաստանը սարսափում էր այն ճանաչելուց։ Ի վերջո, 1994թ․ հրադադարի փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, որով փաստորեն Ադրբեջանը դե ֆակտո ճանաչել է Արցախի անկախությունը։ Եվ չե՞ք կարծում, որ դրան պետք է հետևեր Հայաստանի կողմից, արդեն դե յուրե ճանաչելու Արցախը։ Արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ դուք եք համոզել Լևոն Տեր-Պետրոսյանին ոչ մի դեպքում չճանաչել Արցախի անկախությունը։ Հա՜, մոռացել էի, բա միջազգային հանրությունը։

5.Դուք լինելով, այսպես կոչված միակողմանի զիջումների կողմնակից, համոզված եք, որ Ադրբեջանը դրանցով կբավարարվեր և ինչպես կարծում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս «մեծահոգաբար» մեզ հանգիստ կթողներ և կսկսվեր մեծ քիրվայության ժամանակաշրջանը։ Միթե՞ չեք տեսնում, որ չնայած այսօրվա իշխանության Ադրբեջանի առջև խոնարհումներին, թշնամին չի բավարարվում և ցանկացած զիջում նրա կողմից ընկալվում է որպես թուլություն, և կարևոր չի այդ զիջումը կատարվել է «խաղաղությամբ», թե՞ մահաբեր պատերազմով։

6.Աշխարհի տարբեր երկրներում գործում են հայազգի պատմաբաններ, դիվանագետներ, քաղաքագետներ։ Նրանք, որպես կանոն, ընդունելով իրենց հայկական ծագումը, ծառայում են այն երկրի քաղաքական շահերին, որտեղ բնակվում են և որ երկրի քաղաքացին են։ Սա վերաբերում է և ռուսաստանաբնակ, և ֆրանսաբնակ և ամերիկաբնակ գործիչներին։ Արդ, պարոն Լիպարիտյան, լինելով ԱՄՆ քաղաքացի և բնակվելով ԱՄՆ-ում՝ դուք ո՞ր երկրի շահերն եք համարում առաջնային, Հայաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի։ Եղեք անկեղծ, և ընդունեք, որ դուք բավարարված եք Արցախի կորստով։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031