Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ մենք ենք դառնում փորձադաշտի օբյեկտ». Հանրահավաք՝ պատվաստման դեմ

Հոկտեմբեր 07,2021 19:45

«Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով այսօր «Ազատ Կամք» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել:

Նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը ներկայացրեց իր ունեցած փաստերը, թե ինչու չպետք է պատվաստվել. «Առաջինը՝ մարդկանց չի կարելի ենթարկել բժշկական փորձի: Սա Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր երաշխիք է: Բժիշկները վկայում են, որ պատվաստանյութը, որպեսզի մասսայական կիրառվի, պետք է անցնի կլինիկական փորձարկումներ: Իսկ դրա համար ժամանակ է պետք: Դա սկզբից կենդանիների վրա է փորձարկվում, հետո մարդկանց փոքր խմբի, հետո՝ մեծ խմբի, հետո՝ մասսայական: Պնդում եմ, որ առնվազն 5 տարի է պետք, որպեսզի հասկանալ՝ այդ պատվաստանյութը ինչ վտանգ է ներկայացնում: Պատվաստանյութը կարող է 5-7 տարի հետո մարդու համար բացասական հետեւանքներ առաջացնել: Մենք բոլորս քաջ պատկերացնում ենք, որ եթե վիրուսը դեռ 2 տարեկան չկա, պատվաստանյութը մոտ 1 տարեկան է, ժամանակը չի անցել: Ստացվում է, որ մենք ենք դառնում փորձադաշտի օբյեկտ: Սահմանադրության երաշխիքը մեզ պաշտպանում է պարտադիր պատվաստվելու դաշտից»:

Արա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է՝ ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով: Իսկ առողջապահության նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնմխելիությունը. «Մեր առջեւ դրել է 2 պայման: Ասում է՝ կա՛մ պատվաստվում եք, որը բժշկական միջամտություն է, կա՛մ ՊՇՌ թեստ եք հանձնում, որը նույնպես բժշկական միջամտություն է»:

Երրորդ փաստարկն այն է, որ ըստ Զոհրաբյանի, նախարարը չէր կարող նման հրաման ընդունել. «Սանիտարահամաճարակային օրենքի 4-րդ հոդվածով է առողջապահության նախարարն  ընդունել այս հրամանը: Բայց կա մեկ այլ կետ՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման եւ կիրարկման կարգը սահմանում է կառավարությունը: Մենք իրավական համակարգում կառավարության այդպիսի որոշում չենք տեսել, չկա նման կարգ, սա նշանակում է, որ նախարարը չէր կարող նման որոշում ընդունել»:

Չորրորդ՝ նախարարը պետք է հանրային քննարկում անցկացներ, ինչը նույնպես, ըստ Զոհրաբյանի, չի արվել:

Հինգերորդ՝ նախարարը խախտել է խտրականության արգելքի եւ համաչափության սկզբունքը. «Նախարարը խտրական մոտեցում է ցուցաբերել պատվաստվածների եւ չպատվաստվածների նկատմամբ՝ ասելով, որ ՊՇՌ սերտիֆիկատը պատվաստվածները կարող են չներկայացնել: Բայց եթե պատվաստված քաղաքացին կարող է վարակվել եւ վարակը փոխանցել, հիվանդության կանխարգելման հարցն անգամ չի լուծում: Դուք բոլորդ առնչվում եք տրանսպորտի հետ, լավ տեսնում եք, որ կանխարգելման միջոցառումներ չեն իրականացվում»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ մեր գործող օրենքով առողջ քաղաքացին կարող է արգելել իրեն բժշկական միջամտության ենթարկել, իսկ հիմա այն պարտադրվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031