Խոսելով Հայաստանի օդային տարածքը օրերս Ադրբեջանի ավիացիայի առջեւ բացելու մասին՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը ասաց. «Ես ավելի շուտ էի ֆիքսել, որ վերջին շրջանում Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական օդանավեր են թռչում: Բայց ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ այդ կարգի ոչ մի տեղեկատվություն առաջինը պետական պաշտոնյաներից, այդ թվում՝ վարչապետից, չենք ստանում: Այ, երբ ինչ-որ մի բանի վրա բռնվում են, նոր սկսում են հետադարձ թվով բացատրություններ, մեկնաբանություններ տալ: Բա, եթե թույլատրություն եք տվել, ո՞նց կարող է լինել առանց պետության քաղաքվիացիայի: Եթե նույնիսկ ընդհանուր համաձայնություն կա, ամեն օդանավի համար թույլտվություն պետք է լինի: Եթե թույլտվությունը տվել ես, ժամանակին ինչի՞ հանրությանը չես ասում: Ընդ որում, օդանավը Բաքվից Նախիջեւան կամ հակառակ ուղղությամբ թռնում է այն նույն օրը, երբ Նախիջեւանից կրակում են Երասխի վրա, հայկական դիրքերի ուղղությամբ եւ վնասում այն բեռնատարը, որը սննդամթերք է հասցնում մեր առաջնապահ դիրքերին: Ու դա փորձում է ներկայացնել որպես տրանսպորտային ապաշրջափակում: Ալիեւը երեկ ասում էր, թե տրանսպորտային ապաշրջափակման նշաններ արդեն ի հայտ են գալիս:
Եթե տրանսպորտային ապաշրջափակում է, ես առաջարկում եմ, որ երբ նախագահը այս օրերին զբաղեցրած օդանավը վերադարձնի, Նիկոլ Փաշինյանը այդ օդանավով Երեւանից թռչի Ֆիզուլիի նորակառույց օդանավակայան ու դրանից հետո գործարկվի Երեւան-Ֆիզուլի-Երեւան կանոնավոր չվերթ: Կամ Երեւանից օդանավ թռչի Ստեփանակերտ ու վերադառնա: Մանավանդ, որ Ստեփանակերտում օդանավակայանը կա:
Հիմա հարց. երեկ այն աղջիկը՝ Տաթեւիկ Ռեւազյանը, որ ասում էր, թե իրենք շուտվանից են թույլատվություն ունեցել, ուղղակի՝ նոր են սկսել թռչել, բա ինչի՞ մինչեւ հիմա չէին թռչում: Դու քաղավիացիայի վարչության պետ ես, չես մտածո՞ւմ՝ ինչի չէին թռչում: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Երբ մենք կառուցեցինք Ստեփանակերտի օդանավակայանը, մտադրություն կար, նույնիսկ, եթե չեմ սխալվում, օդանավ էին ձեռք բերել, Երեւան-Ստեփանակերտ-Երեւան կանոնավոր չվերթեր իրականացնել: Ադրբեջանը սպառնաց, որ անկախ նրանից, թե դա կլինի քաղաքացիական, թե զինվորական օդանավ, կխոցի: Ու այդ հայտարարությունից հետո ինքն էլ անհանգիստ էր, որ եթե իր ավիացիան էլ Հայաստանի օդային տարածքով թռչի, նույն ճակատագրին կարժանանա, ինչով ինքը սպառնացել է: Հիմա ինքը գիտի, որ Հայաստանում այլեւս պետություն, պահանջ, ուլտիմատում եւ նման բաներ չկան: Ինքը ինչ ուզի՝ կարող է անել: Այսինքն, հիմա եթե ինքը Հայաստանի օդային տարածքով թռչի ու սկի քաղավիացիային էլ չհարցնի, ի՞նչ պիտի լինի»,- ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ