Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով

Հոկտեմբեր 07,2021 18:17

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչներ։ Նիստի որոշ մասնակիցներ հանդիպմանը միացել են տեսակապի միջոցով։

Նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունում եմ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի մասնակիցներին: Մենք շատ ուրախ ենք տեսնել բոլորիդ Հայաստանում: Վստահ եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական դաշտում, կնպաստի մեր գերատեսչությունների միջև համագործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Հանդիպման օրակարգում ներառված էր շուրջ 20 հարց։ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020 թ. հոկտեմբերի 21-ի նիստի որոշումների կատարման մասին զեկուցել է խորհրդի քարտուղարության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարները։ Խորհուրդը դրական է գնահատել բազային կազմակերպությունների գործունեությունը և առաջարկել է աջակցել վերոնշյալ ոլորտներում ուսանողական օլիմպիադաների ու մրցույթների, կրթական ծրագրերի խթանման նպատակով միջոցառումների անցկացմանը, ԱՊՀ տարածքում ուսանողների և գիտամանկավարժական աշխատողների փոխանակմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համալսարանների միջև համագործակցության ընդլայնմանը։ Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով։

Հաջորդ հարցերը վերաբերել են ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի ապահովման առումով միասնական չափանիշների մշակման առաջարկին, ինչպես նաև մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի անցկացմանը։

Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) արդյունքներին, ԱՊՀ համագործակցության հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների ծրագրին, ինչպես նաև կրթության ոլորտում նորմատիվ-իրավական բազայի վերլուծության հարցերին։

Քննարկվել են նաև COVID-19 համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով կրթության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության և ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու մանկավարժների VII համագումարի վերաբերյալ հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը շուտով կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, որն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կընձեռի ԱՊՀ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման տեսանկյունից։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ երկրների մեր գործընկերներին, որը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Ի դեպ, ՀՀ 2020-2021 թվականների երիտասարդական մայրաքաղաք Կապանում հոկտեմբերի 11-13-ը կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը: Այս ամենով մենք նոր շունչ ենք հաղորդում ԱՊՀ տարածքում ԿԳՄՍ ոլորտներում համագործակցությանը»,-շեշտել է նախարար տեղակալը։

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Գալինա Կազակն իր գոհունակությունն է հայտնել նիստի՝ բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ։

«Անցյալ տարի որոշում կայացվեց, որ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնում է Հայաստանը։ Նշեմ, որ այս տարին բավականին արդյունավետ էր․ բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, և բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, և դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Քննարկել ենք նաև, թե ինչպես են իրագործվում ԱՊՀ ղեկավար մարմինների որոշումները և նախանշել հետագա համագործակցության ուղիները»,- նշել է Գալինա Կազակը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2022 թվականին այլ երկրի փոխանցելու հարցով։

Նիստի ավարտին կստորագրվի նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի թիվ 9 արձանագրային որոշումը։

Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031