Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԻՄ համակարգում առկա մի շարք պրոբլեմներ վերանում են, երբ համայնքներում տեղի են ունենում գիտակցված ընտրություններ: Եվ մեր քաղաքական իշխանության պարտավորությունն է լիարժեք ապահովել ընտրողների ազատ կամարտահայտությունը. Փաշինյան

Հոկտեմբեր 07,2021 18:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է հոկտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումներն երեկ են ընդունվել՝ ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել ընդունված որոշումների վերաբերյալ: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է նշանակել և անցկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է դեկտեմբերի 5-ին նշանակել և անցկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։

«Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվեն ընտրություններ, բայց, քանի որ ընտրողների թիվն այս երկու համայնքներում 4000-ից քիչ է, այդ երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն, երկուսն էլ՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված: Բայց խոշորացվող համայնքներում նույնպես ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին»,-ասել է նախարարը: Հայաստանում խոշորացվող համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ: ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:

Անդրադառնալով խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով նախատեսվող ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա նշանակում է, որ ընտրողները քվեարկություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջինը, տրամաբանորեն ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է: Բայց մեծ հաշվով ընտրությունների արդյունքներից կախված՝ և՛ կարող է ընտրվել քաղաքապետ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող են նաև ավագանիում տեղի ունենալ: Եվ այստեղ ի՞նչն առանձնահատկություն կա: Նախկինում համայնքների ղեկավարների ընտրությունները տեղի էին ունենում հետևյալ սկզբունքով՝ առաջադրվում էին թեկնածուներ, որոնցից մեկը հաղթում էր, ստանձնում էր համայնքի կառավարումը, մյուս թեկնածուները համայնքի կառավարման գործընթացից դուրս էին մնում: Հիմա, հաղթողները կհաղթեն, իսկ նրանք, ովքեր ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ ձայներ չեն հավաքել, ավագանու տեղական խորհրդարանի տրամաբանությամբ՝ աշխատող ավագանու անդամ կլինեն: Այդ օրինակը մենք ունենք Երևանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ հիմա այն ընդլայնվում է: Ուզում եմ հիշեցնել, որ սա նաև 2018թ. մեր ստանձնած քաղաքական պարտավորություններից է»:

Կառավարության ղեկավարն առաջին հերթին ընտրողներին է մաղթել հաջող ընտրություններ. «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՏԻՄ համակարգում առկա մի շարք պրոբլեմներ վերանում են, երբ համայնքներում տեղի են ունենում գիտակցված ընտրություններ: Եվ մեր քաղաքական իշխանության պարտավորությունն է լիարժեք ապահովել ընտրողների ազատ կամարտահայտությունը, որովհետև ընտրությունների որևէ արդյունքի պարագայում ընտրողը պետք է գիտակցի և արձանագրի, որ դա իր կայացրած որոշումն է՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով»:

Կառավարությունը շարունակում է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի կանխարգելման ապահովումը. Առողջապահության նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 365 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Առողջապահության նախարարությանը գումար տրամադրելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2 մլրդ 365 մլն դրամ:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը: «Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնեինք և իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենայինք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդե ն 20 բժշկական կազմակերպություն է ընդգրկված ՔՈՎԻԴ-ով պացիենտների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը 14 հազարից ավելի է, ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները և բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ չնայած պատվաստման գործընթացի ակտիվություն նկատվում է, սակայն այն բավարար չէ. «Ցավոք, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն, վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր է ներշնչում: Ես ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ էլ գրանցված 26 մահերի համար: Պետք է նշեմ, որ շատ-շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւմն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կարող ենք հետ գնալ և տեսնել այդ մարդանց քարոզչության նպատակը որն է: Սկզբից, երբ Հայաստանի Հանրապետությունում սկսեցին մարդիկ կորոնավիրուսից մահանալ, նրանք ի՞նչ էին անում, ամեն օր այդ մահերը քաղաքական շահարկման առարկա էին դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս է նրանց ուզածը: Բայց մենք ինչո՞ւ ենք անընդհատ բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում: Կա հստակ պետության պարտավորություն, այն է՝ գործադրել վարչական լծակներ, որպեսզի պատվաստումը առաջ գնա: Ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին:

Պետությունն ունի իր բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և առաջ գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը: Այսօր ևս 2.4 միլիարդ դրամ ենք հատկացնում առողջապահական ծախսերի համար: Հիմա նկատում եմ, որ մարդիկ կան, որ շարժում է սկսվում, չգիտեմ՝ ինչքանով է այդ մարդկանց ասածն արդարացի, բայց ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և անվճար բուժվեն: Այս գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական այլ կարիքների համար, հազար ու մի ծախսի վրա կարող էր օգտագործվել: Այդպիսի շարժում էլ է սկսվում, և ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու:

Հիմա էլ ասում են՝ պետությունը լրացուցիչ ծախս է դնում քաղաքացու վրա՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ պահանջելով: Ոչ, ծախս չենք դնում: Մենք անվճար պատվաստում ենք իրականացնում: Այն ժամանակ էլ ասում էին՝ Հայաստանի կառավարությունը պատվաստանյութ չունի, այս չկա, այն չկա: Այսինքն՝ մենք ինչի՞ ենք կենտրոնանում՝ ով ինչ է ասում: Մարգինալ ուժեր են, ինչ ուզում են ասեն: Ես Ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացեք լուծեք»:

Նիկոլ Փաշինյանը իր դժգոհությունն է հայտնել պատվաստման թվերի ցուցանիշներից և ընդգծել, որ պետական կառավարման համակարգը պետք է օրինակ ծառայի. պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ. «Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է բողոքենք, ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում: Հիմա էլ ասում են՝ կառավարությունը թունավորում է անում: Պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստված են: Ընդորում, պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով: Այսինքն՝ մեկով չենք պատվաստվել, որ չստացվի, թե կա լավ պատվաստանյութ, որով, այսպես ասած, «էլիտար» շրջանակներն են պատվաստվում՝ ժողովրդին անորակը թողնելով: Այլևս, հատկապես կառավարության նիստում ինչ-որ արդարացումներ չլսեմ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են: Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել: Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծեք»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը՝ համապատասխան խիստ միջոցներ ձեռնարկել կեղծ պատվաստումների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար անցկացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացումը հնարավորություն կտա խթանել զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա մասնակցության ապահովումը: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 35 մլն դրամ, որից 15 մլնն կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը նախատեսված է կազմակերպչական հարցերի համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն, կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը: Պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում` https://escs.am/: 10 կմ երկարությամբ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին ՝ Երևան-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում): Այն կանցկացվի երեք տարիքային խմբերի համար: Առաջին խումբը նախատեսված է 15-17 տարեկանների համար՝ 3 կմ երկարությամբ (մեկնարկը` Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից), երկրորդ խումբը՝ 18-35 տարեկան կանանց և 18-40 տարեկան տղամարդկանց համար, իսկ երրորդ տարիքային խումբը՝ 36 տարեկանից բարձր կանանց և 41 տարեկանից բարձր տղամարդկանց՝ 10 կմ երկարությամբ (2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն):

Առաջին տարիքային խմբի հաղթողները կպարգևատրվեն նոութբուքերով, երկրորդ և երրորդ տարիքային խմբերի հաղթողները՝ 1-ին տեղ գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ և 11-20 տեղերը գրավածները՝ 50 հազարական դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները: Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները պետք է համապատասխանեցվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով։ Փոփոխություն է առաջարկվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում՝ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար պետական տուրքով։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ երթուղու սպասարկման տարեկան պետական տուրքը չվճարելը այլևս երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ չի կարող։

Հավանության է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը։ Օրենքում սահմանվում է նաև էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը։ Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների գործունեության համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ, ինչը կհանգեցնի դատաբժշկական ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման ապահովման համար: Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031