Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը վստահեցրեց, որ գյումրեցիների վերաբերմունքն իրենց քաղաքական ուժի նկատմամբ փոխվել է։
Թեկնածուն այս համոզմանն է եկել քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ։
«Ուրախալի է արձանագրել, որ որքան էլ ներկայիս կառավարությունը փորձեց քարկոծել «Հանրապետականին», մեր կուսակցության արած գործերն, այսպես ասած, չեզոքացնել կամ իրենց վերագրել, միայն բացասական մասերը վերցրեց ու ժողովրդին ներկայացրեց, ժողովուրդն ամեն դեպքում այսօր շատ լավ վերաբերմունք ունի։ Տարիներ են անցել, ժողովուրդն իմաստուն է, կարող է մի պահ կարողացան իրենց նպատակին հասնել, խաբկանքը շատ էր, բայց վերաբերմունքը փոխվել է։ Ես կասեի՝ այն բացասական վերաբերմունքը, որ կար, այսօր չի նկատվում»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը։
Մեր ճշտող հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ի՝ Գյումրիում ո՞ր արած գործերն է իշխող կուսակցությունն իրեն վերագրում, թեկնածուն թվարկեց․ «Սկսեմ նրանից, որ քաղաքի ասֆալտապատումն ու բարեկարգումը, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի հատկացրած գումարներով, այսօր վերագրվում է ներկայիս իշխանությանը։ Նմանապես տուրիզմի զարգացումը, որը մեր կառավարության օրոք սկսվեց՝ Ռուսթավելի պատմական փողոցի վերանորոգմամբ, դարձյալ վերագրում են իրենց։ Այդպես բազում օրինակներ կարելի է բերել։
Կարդացեք նաև
Նորից եմ կրկնում՝ ժողովուրդն իմաստուն է, մի ժամանակ այդ բացասական մթնոլորտը ստեղծվել էր, բայց հիմա կամաց-կամաց ժողովուրդը հիշում է, հասկանում է՝ աշխատանքը ով է արել, պարզապես «Հանրապետականն» աշխատում էր, չէր փիառվում ֆեյսբուքներով ու լայվերով, դրա համար երևի մեր ժողովուրդը սխալ էր հասկանում։
Կոնկրետ 5000 բնակարան կառուցվեց «Մուշ» թաղամասում, մարդիկ գնացին ապրելու՝ տեղը տեղին կառուցված, ջեռուցմամբ, կարգին սանհանգույցով բնակարաններում, հետո սկսեցին փնովել, թե քարը պոկվեց, դուռը լավ չի աշխատում։ Եկեք պարզ լինենք, մարդիկ սեփական ձեռքերով իրենց բնակարանները կառուցում են, էլի թերություններ նկատվում են, ո՞նց կարող է 5000 բնակարան կառուցելիս՝ թերություններ չնկատվեին։ Կարելի էր ասել, չէ՞, բնակարանները կառուցվել են, շատ լավ է, մի քիչ թերություններ կան, բայց ոչ, չէին ասում թերություններ կան, առավոտից-իրիկուն ասում էին՝ վատն է, վատն է, վատն է, բա որ վատն է, ո՞նց եք ապրում այդ բնակարաններում, որ վատն է, ինչո՞ւ եք էդքան գումար տալիս, էդ բնակարանները գնում։ Չեմ հասկանում էլի, եթե էդպես անպիտան էին, անորակ էին, բայց փաստն այն է, որ այսօր ապրում եք այդ բնակարաններում ու ձեզ լավ եք զգում»։
Արտյոմ Ղուկասյաննն ասում է՝ չի հիշում, որ այս երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ բնակարան կառուցվի կամ որևէ աշխատատեղ ստեղծվի։
«Անկեղծ ասած, չեմ հիշում, ես չգիտեմ որևէ մի բնակարան, որ կառուցվել է ներկայիս իշխանության օրոք, եթե կա, թող ցույց տան, ես ներողություն կխնդրեմ։ Չեմ հիշում նաև, որ որևէ աշխատատեղ ստեղծված լինի երեք տարվա ընթացքում»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը։
ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի առանձին դրույթներից է «Գյումրին բիզնեսի համար» խորագիրը, որտեղ նշված է․ «Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ու առավել ևս երկարաժամկետ հեռանկարում Գյումրիի զարգացումը հնարավոր չէ առանց նոր, այդ թվում խոշոր ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև չափազանց մեծ սոցիալական նշանակություն»։
ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն մեր զրույցում մանրամասնեց, որ այսօր հաճելի միտում է նկատվում․ դրսում ապրող հայ գործարարները մասնաճյուղեր են բացում Հայաստանում, կարելի է օգտագործել նաև արտերկրում բնակվող գյումրեցի գործարարների ներուժը։
«Սերժ Սարգսյանը 23 միլիոն եվրո հատկացրեց Գյումրիի ասֆալտապատման, բարեկարգման համար, բայց եթե այդ գեղեցիկ փողոցները ման գալով՝ մարդը հնարավորություն չունենա մի սրճարանում սրճել կամ ընտանիքի հետ թատրոն գնալ, կինո կամ համերգ, պարզ լինենք, աչքին այդ ամենը չի երևալու։ Այդ պատճառով ինձ համար առաջնահերթություն է աշխատատեղերի ստեղծումը, քաղաքացին պիտի կարողանա իր ընտանեկան բյուջեն կայունացնել։ Գոնե ամեն ընտանիքից 2-3 հոգի որ աշխատեն, դա արդեն մեծ բան կլինի»,- ասաց Արտյոմ Ղուկասյանը։
Նա նաև նշում է՝ ժամանակն է մեր մտածողության մեջ մի քիչ պետականամետություն մտցնենք, եթե պետականամետությունը մեր շահերից վեր չդասենք, երկիր կառուցել չի ստացվի։
Արտյոմ Ղուկասյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ