ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանն այսօր կրկին անդրադարձել է Շուշիի դժգույն ու վատ քաղաք լինելու մասին հայտարարություններին ու պետության ղեկավարի խոսքի արժեքին:
«Ես ուզում եմ՝գնահատենք պետության ղեկավարի խոսքի արժեքը: Եթե սովորական, փողոցի մի մարդ ասի՝ Շուշիում ոչ մի ներդրում չի եղել, այլ ներդրումներ եղել են Բադեն-Բադենում, կարելի է մտածել, թե փողոցի մարդ է, հիմարություն է խոսում: Երբ պետության ղեկավարն է խոսում, նա պետք է ասեր, թե Շուշիում ինչ պիտի լիներ, պետական որ ծրագրում է միջոցներ նախատեսվել, որ չի իրականացվել, եթե Բադեն-Բադենում ներդրում է արվել՝ ով է արել, ինչ չափի, ինչ ձեւով է դա դրսեւորվել: Դա շատ կոնկրետ պիտի լինի, որովհետեւ պետության ղեկավարի տեղեկատվության աղբյուրը փողոցում քայլող անպատասխանատու ինչ-որ մեկից պիտի տարբերվի: Պատկերացրեք՝ պետության, կառավարության ղեկավարը խորհրդարանական կառավարման երկրում գնում, սահմանադրական օրենքով նախատեսված ձեւաչափով պառլամենտին հաշվետվություն է տալիս ու ասում. «Բադեն-Բադենում ներդրումներն ավելի շատ են եղել, քան Շուշիում: Ու Շուշիում բնակելի շենք չի կառուցվել»: Եվ դա այն դեպքում, երբ Շուշին ազատագրելու պահին ոչ մի կանգուն բնակելի տուն չի եղել: Հարց է առաջանում. բա 30 տարիների այդքան հազար մարդ որտե՞ղ է ապրել, եթե այնտեղ բնակելի շենք չի եղել, չի կառուցվել: Ու այդպիսի բան ասում է՝ ինչ է, թե Շուշին հանձնել է թշնամուն:
Բա, քանի Շուշին չէիր հանձնել թշնամուն, 2018-ին, 2019-ին, որ գնացել էիր Շուշի, ինչի՞ չէիր ասում, որ շատ վատ քաղաք է, Մեհրիբանին էլ հրավիրում էիք այնտեղ: Այն էլ՝ նա եկավ, բայց դուք չգնացիք: Դա էլ մի ուրիշ անշնորհքություն է»,- ասել է պարոն Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ