Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը և բացահայտել իմացության աշխարհը». Արա Խզմալյան

Հոկտեմբեր 07,2021 16:59

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառումն սկսվել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի:

Գրադարանային գործում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և ոսկե մեդալով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ գրադարանավարի աշխատանքը որակելով որպես համեստության, զսպվածության, ավանդապաշտության խորհրդանիշ:

«Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը, հղկել ճաշակը և բացահայտել իմացության աշխարհը: Գրադարանային աշխատանքը մի ամբողջ մշակութային շերտ է, որն այսօր լուրջ փոխակերպումների է ենթարկվում, նոր իրողությունների և մարտահրավերների առջև է կանգնում: Գրադարանը վերածվում է մշակութային ժամանցի միջավայրի, որտեղ արվում է ամեն ինչ՝ նախապատրաստելու ընթերցողի և գրքի հանդիպումը: Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի համար,- ասել է փոխնախարարը և հավելել,- չկարծե՛ք, որ նորամուծություններով ընդհատվում են կարևոր ավանդույթները, որոնց կրողներն եք: Ձեզ մաղթում եմ խիզախություն՝ ընդունելու այդ փոխակերպումները և մարտահրավերները: Խոնարհումս ձեզ և ձեր աշխատանքին»:

Պարգևատրման արարողությանն անմիջապես հաջորդել են 2021 թվականին հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունըՄիջոցառման ավարտին պարգևատրվել են նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթի հաղթողները:

Նշենք, որ «Լավագույն գրադարան» մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրել է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Մրցույթին մասնակցել են 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:

Մրցութային անվանակարգերը և հաղթողներն են՝
«Լավագույն համայնքային գրադարան»՝ Սպիտակի քաղաքային գրադարան,
«
Լավագույն մարզային գրադարան»՝ Շիրակի մարզային գրադարան,
«
Լավագույն նորարար գրադարան»՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան,
«
Լավագույն գիտակրթական գրադարան»՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան,
«
Լավագույն մասնագիտական գրադարան»՝ Հանրապետական գիտաբժշկական գրադարան,
«
Հատուկ մրցանակ»՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր:

Տեղեկացնենք, որ «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներն են եղել ՀՀ Ազգային ժողովի գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մադլենա Հովսեփյանը։

Մրցույթն անցկացվել է առաջին անգամ, և նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումն ու հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, հարափոփոխ աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը՝ թիրախավորելով տեղեկատվության կառավարումն ու օգտվողների պահանջների բավարարումը:

Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային գրադարանները ևս իրականացրել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ յուրաքանչյուրն իր կարգախոսի ներքո:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031