Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքապետի միակ կին թեկնածու Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր համայնքի զարգացման գրավականը արդյունավետ և թափանցիկ կառավարումն է

Հոկտեմբեր 07,2021 16:39

Դիլիջան խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններում Արմինե Հովհաննիսյանը առաջադրված միակ կին թեկնածուն է, եւ գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը:

Արմինե Հովհաննիսյանը «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

Զրուցել ենք Արմինե Հովհաննիսյանի հետ՝ համայնքում առկա գլխավոր խնդիրներից և համայնքի զարգացման իր տեսլականից:

Խոսելով համայնքի առաջնային խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին՝ տիկին Հովհաննիսյանը առանձնացրեց դրանցից մի քանիսը․

«Առաջնային խնդիրները, ցավոք, շատ են: Համայնքն ունի զբաղվածության խնդիր, ինֆրաստրուկտուրայի վատ վիճակ, աղբահանություն, փողոցային լուսավորվածություն, տրանսպորտի ժամանակացույցի խնդիր, թափառող շների խնդիր, համայնքի կանաչապատ տարածքների պահպանման խնդիր և այսպես շարունակ»։

Թեկնածուի խոսքով՝ իր ընտրվելու դեպքում առաջին հերթին իրականացնելու են արդյունավետ և թափանցիկ կառավարում, իսկ խնդիրների առաջնահերթությունը սահմանելու համար ականջալուր են լինելու հանրային կարիքին․

«Լինելով ղեկավար՝ քաջ գիտակցում եմ, որ ռեսուրսները և միջոցները միշտ սահմանափակ են։ Մենք պետք է հասկանանք այս պարզ ճշմարտությունը, որպեսզի կարողանանք բարձրացնել մեր արդյունավետությունը, ինչը նշանակում է՝ տրված ռեսուրսով ստանալ մաքսիմում հնարավոր արդյունք։ Սա իրենից ենթադրում է ռեսուրսների ճիշտ կառավարում՝ ժամանակ, ֆինանսական միջոցներ, կարողություններ, մարդիկ, ճիշտ առաջնահերթություններ։ Այս ամենի համադրությունը տրված նույնքան ռեսուրսի պայմաններում կարող է ավելի շատ և ավելի որակով արդյունք և հանրային բարիք ստեղծել։ Սակայն հանրային բարիք ստեղծելու համար անհրաժեշտ է ականջալուր լինել հանրային կարիքին, հանրային պահանջին, այստեղից էլ` սահմանել առաջնահերթությունները, և հետադարձ կապի միջոցով իրականացնել թափանցիկ և հաշվետու կառավարում։ Սա է յուրաքանչյուր հասարակության և համայնքի զարգացման գրավականը` մեկտեղել հանրային, անհատական և համայնքային շահերը փոխգործակցության և փոխադարձ վստահության մթնոլորտում»։

Իսկ մեր այն հարցին ի պատասխան, թե կուսակցության ծրագրի ո՞ր կետերի իրագործման շնորհիվ հնարավոր կլինի էապես փոխել և բարելավել համայնքի ներկա վիճակը, Հովհաննիսյանը նշեց․ «Շատ եմ կարևորում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ամրապնդումը, որի արդյունքում հիմնելու ենք գյուղմթերքների շուկա, արվեստի գործերի ցուցահանդես- վաճառքի հարթակ, արտադրություններ, վերամշակման արտադրություններ, լողավազան»:

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կհաջողվի համայնքը դարձնել բարեկարգ փողոցներով, միջհամայնքային նոր ճանապարհներով, լուսավորված փողոցներով համայնք, որտեղ գալիս են կրթվելու, մասնակցելու կրթական, մշակութային, տնտեսական միջոցառումների, փառատոների, գալիս են վայելելու Դիլիջանի պատմամշակութային արժեքները․ «Համայնք, որտեղ այլևս լուծված են ջրամատակարարման և բարենորոգման, քաղաքաշինության խնդիրները, համայնք, որտեղ գալիս են ապրելու»։

Նշենք, որ Դիլիջանում ավագանու ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031