Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկարատև բռնությունից հետո կինը բաժանվել է, հետո բռնությունները շարունակվել են, և հայրը սպանել է դստերը». փորձագետը՝ բռնարարին չպատժելու հետևանքների մասին

Հոկտեմբեր 07,2021 15:41

Հավասարության հարցերով Եվրոպական միության հանձնակատար Հելենա Դալլին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա) 10-ամյակին նվիրված կանանց համար արդարադատության մատչելիության թեմայով առաջին երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում շեշտեց՝ պետք է կանանց համար ստեղծվի անվտանգ միջավայր, որպեսզի նրանք կարողանան բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման մասին:

Հելենա Դալլի

Հելենա Դալլին հայտարարեց. «Արդարադատության մատչելիությունը հիմնարար իրավունք է: Պետությունները պետք է տուժողների համար մի շարք միջոցներ կիրառեն, որ կանանց նկատմամբ բռնության արարքները իրավականորեն սահմանված լինեն, և տուժողները կարողանան օգտվել պաշտպանությունից, ստանան փոխհատուցում: Կանայք պիտի կարողանան իրենց իրավունքների իրացումն իրականացնել անվտանգ միջավայրում: Հաճախ տուժող կանայք չեն բարձրաձայնում իրենց իրավունքների խախտումների մասին, քանի որ վախենում են իրավախախտից և իրավապահ մարմիններին դիմելու հետևանքներից: Դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում կանանց միայն մեկ երրորդն է ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու դեպքում դիմում իրավապահ մարմիններին»:

Հելենա Դալլիի կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիան հրաշալի գործիք է կանանց համար արդարադատություն ապահովելու համար:

Կանանց, խաղաղության և անվտանգության կենտրոնի նախկին տնօրեն, միջազգային առաջատար փորձագետ Քրիստին Չինկինը, խոսելով Ստվերային համավարակը և դրա հետևանքները թեմայով, փաստեց. «Բռնությունը համավարակի ժամանակ ավելացել է: Համավարակը խորացրել է առկա խնդիրները: Այս ամենը վաղուց է եղել, ուղղակի համավարակի ժամանակ խնդիրներն ավելի տեսանելի են դարձել: Համավարակն այս ամենին գումարել է բյուջետային խնդիրներ, որոնք ԵՄ երկրներում եղել են, մասնավորապես կրճատումներ, որոնք ազդել են հիմնականում կանանց վրա»:

Նա մի օրինակ բերեց, թե ինչպես կարող է ազդել այն իրավիճակը, երբ պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում բռնարարին պատասխանատվության ենթարկելու համար: Նա մանրամասնեց. «Իսպանիայում է դեպքը տեղի ունեցել: Ուզում եմ ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել այն, որ դատարանը որոշում է կայացրել կարծրատիպերի վրա հիմնված: Երկարատև ծայրահեղ բռնություն է եղել կնոջ նկատմամբ, զույգն ամուսնալուծվել է, սակայն բռնությունները շարունակվել են: Բռնարարը ինչպես որ հարկն է չի պատժվել. ընդամենը 45 եվրոյի տուգանք է վճարել: Նա անգամ հնարավորություն է ստացել հանդիպել իր աղջիկ երեխայի հետ, թեպետ երեխան ասել է, որ վախենում է հորից, և նա հիմնականում հանդիպել է հորը վերահսկողությամբ: Մի անգամ առանց վերահսկողության բռնարարը հանդիպել է դստերը և հենց այդ այցի ժամանակ հայրը սպանել է նրան: Սա է լինում այն հետևանքը, երբ պետությունը ողջամիտ քայլեր չի ձեռնարկում բռնարարին պատժելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031