Այսօր ՀՅԴ Երեւանի կոմիտեի անդամները կառավարությանը ներկայացրին առաջարկների փաթեթ, որը վերաբերում է աշխատանքի ներկայանալիս պարտադիր պատվաստմանը եւ դրանից հրաժարվելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտություն անելուն:
«Մենք կոնկրետ առաջարկով եկել ենք այստեղ, քանի որ մեկ շաբաթվա մեջ մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ինչ կարելի է անել, որ շահի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, թե՛ պետությունը»,-ասաց կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը (լուսանկարում)՝ նշելով, որ իրենց առաջարկը խրախուսող է եւ կարծում է, որ հարցը կլուծվի:
Ըստ նրա՝ կառավարությանն առաջարկում են, որ գործատուն վճարի աշխատողի 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության համար, իսկ պետությունը գործատուին դա փոխանցի եկամտահարկի տեսքով։ «Ստացվում է, որ գործատուն չի խուսափի աշխատողներին գրանցելուց, պետությունը շահում է այդ պարագայում, որովհետեւ չգրանցված աշխատողներ չեն լինում, ստվերը գալիս է գրանցման դաշտ, իսկ աշխատողն էլ շահում է, որ իր գրպանից ամսական երկու անգամ չի վճարում թեստավորման վճարը»,– ասաց Սարգիս Կարապետյանը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ