Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ-ն միացել է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում է մեկ տան կառուցում:
«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:
Նախագծին միանալու գաղափարը քննարկվել է ԵՊՀ ռեկտորատի նիստում և հավանության արժանացել՝ այդ կերպ ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում։
ԵՊՀ պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին և 18-ին երկօրյա այցով մեկնեց Արցախ, որի ընթացքում մասնակցեց «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
Կարդացեք նաև
Հիմնարկեքի արարողության ավարտին ԵՊՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նոր ստեղծվող բնակավայրի հարևանությամբ գտնվող Դահրավ գյուղ, ծանոթացան այնտեղ ապրող երեխաների հետ, նրանց գրենական պիտույքներ բաժանեցին, ապա եղան գյուղի մշակույթի կենտրոնում, ծանոթացան խնդիրներին և խոստացան աջակցել դրանց լուծմանը։
Երևանի պետական համալսարան