Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ ճիշտ է՝ պատվաստման տեմպն արագացել է, բայց դա բավարար չէ. «Ցավոք, դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում եւ անհիմն վախեր է ներշնչում: Ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահերի համար»:
Ըստ նախարարի, շատ եվրոպական եւ ասիական երկրներ պատվաստումները հասցրել են 90 տոկոսի. «Ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք եւ ի՛նչ շահեր են հետապնդում, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ նման քարոզչություն անող մարդկանց պետք է, որպեսզի կորոնավիրուսից հնարավորինս շատ մարդ մահանա, որ ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: «Ես ասեմ՝ ինչ շահ ունեն: Մենք կարող ենք հետ գնալ, տեսնել այդ մարդկանց քարոզչությունն ինչ է: Սկզբից, երբ մարդիկ սկսեցին քովիդից մահանալ, նրանք ամեն օր այդ մահերը վերցնում էին եւ քաղաքական շահարկման առարկա դարձնում»:
Ապա հավելեց. «Ինչո՞ւ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ասում կամ անում: Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք, պետք է պատվաստումը գնա առաջ, եւ կներեք, ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունը ունի բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր եւ իրականացնելու պատվաստման գործընթացը»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանում շարժում է ձեւավորվում. «Ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ասում են՝ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն, գնան մեր հաշվին բուժվեն: Որոշ մարդիկ ասում են՝ պետությունը լրացուցիչ ծախս է դնում քաղաքացու վրա ամիսը երկու անգամ թեստ պահանջելով: Ո՛չ ծախս չենք դնում, մենք անվճար պատվաստում ենք իրականացնում: Այն ժամանակ ասում էին՝ Հայաստանը պատվաստանյութ չունի, հեսա կպրծնի, էս չկա, էն չկա: Ինչո՞ւ ենք կենտրոնանում, թե ով ինչ է ասում: Մարգինալ ուժեր են, ինչ ուզում է՝ ասեն: Ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացե՛ք հարցը լուծե՛ք»:
Փաշինյանն ասաց, որ պետական համակարգում պետք է բոլորը պատվաստված լինեն, ինչի համար պատասխանատու են տվյալ կառույցների առաջին դեմքերը:
Նա ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ. «Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում եմ դատախազին եւ քննչական մարմիններին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ