Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ գրավոր ընթացակարգով ընդունել են ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում: Ըստ նրա, դա պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ:
Նիստին ներկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ կայացրել են 2 որոշում. «Մենք արդեն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր ունենք՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին: Դրա արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երեւանը, Գյումրին եւ 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված եւ միավորման որեւէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել: Առաջին որոշմամբ մենք 441 համայնք միավորում ենք 38 համայնքային փնջերի մեջ»:
Խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Խոշորացել են Աշտարակ համայնքը, Ապարանը, Թալինը, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ դեկտեմբերի 5-ին: Արարատի մարզում Արարատ համայնքը, Արտաշատ համայնքը, Մասիս համայնքը, Վեդի համայնքը:
Արմավիրի մարզում Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքները:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզում Գավառ, Մարտունի, Սեւան Վարդենիս համայնքները»:
Լոռու մարզում` Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ համայնքները,
Կոտայքի մարզում` Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի համայնքները,
Շիրակի մարզում` Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքները,
Եղեգնաձորի մարզում` Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք համայնքները,
Տավուշի մարզում` Նոյեմբերյան համայնքը:
Նախարարը նշեց, որ երկրորդ որոշմամբ Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում նույնպես կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ այս երկու համայնքներում ընտրողների թիվը 4 հազարից քիչ է, այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով: Ըստ նրա, այդ բոլոր ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 5-ին:
Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Գյումրի, Գորիս, Տաթեւ, Տեղ, Մեղրի, Դիլիջան համայնքներում, մեծամասնական ընտրակարգով` Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում:
Իսկ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Իջեւան, Ստեփանավան, Կապան համայնքներում եւ մեծամասնական ընտրակարգով Արզնի եւ Լերմոնտովո համայնքներում:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ